Սերբիայի մի քանի քաղաքների և բնակավայրերի բնակիչներ ուրբաթ արգելափակել են երթևեկությունը և 15 րոպե լռությամբ հոտնկայս հարգել են երեք շաբաթ առաջ երկրի հյուսիսում տեղակայված երկաթուղային կայարանում տանիքի փլուզման 15 զոհերին, հաղորդում է Associated Press-ը:
Կեսօրից ութ րոպե առաջ հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց, հենց այն ժամանակ, երբ նոյեմբերի 1-ին հանկարծակի փլուզվել է Նովի Սադ երկաթուղային կայարանի տանիքը՝ գահավիժելով ներքևում կանգնած և նստած մարդկանց վրա։ Զոհվել է 15 մարդ, երեքը ծանր վնասվածքներ են ստացել։
Ողբերգությունը զայրացրել է բնակիչներին: Սերբիայում շատերը կարծում են, որ միջադեպը կոռուպցիայի և թափանցիկության պակասի հետևանք է, ինչը հանգեցրել է կայարանի շենքի վերանորոգման անփույթ աշխատանքին:
Դատախազները հինգշաբթի ձերբակալել են ողբերգությանն առնչվող 12 մարդու, դրանց թվում՝ շինարարության նախկին նախարար Գորան Վեսիչին։ Ձերբակալությունները հաջորդել են երկրով մեկ բարձրացված բողոքի հուժկու ալիքին։
Այս շաբաթ ընդդիմադիր քաղաքական գործիչները երեք օր անընդմեջ արգելափակել են Նովի Սադի դատարանի շենքը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցուցարարներին անվանել է «ավազակներ և խուլիգաններ, որոնք ահ ու սարսափ են ներշնչում սովորական քաղաքացիների»։