00:00:00

Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով

13:28, 22 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ձախողվել է և ձախողվել է նրա 4 տարվա քաղաքական «կրեմը»՝ «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

 

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից հետո ամեն տարի հայ ժողովրդին «կերակրում» է մոտալուտ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությամբ ու խոստումներով. «Առնվազն 2022 թվականի Ամանորից առաջ Փաշինյանը և նրա ԱԽՔ-ը, ինչպես նաև նրա կալիբրի տարբեր պաշտոնյաներ խոսում էին, որ շուտով կկնքվի խաղաղության պայմանագիրը, Ալիևի հետ զիջումները կանեն և, ժողովո՛ւրդ ջան, այլևս կապրենք խաղաղության մեջ: Ամբողջ 4 տարի խոսեցին խաղաղության մասին, նույնիսկ հայտարարեցին, որ առաջարկում են Ալիևին համաձայնեցված կետերով կնքել պայմանագիր, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով կտրուկ մերժեց Նիկոլ Փաշինյանին»:

 

Շարմազանովը հիշեցրեց, որ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Անկախության հռչակագրից, հռչակագիրը փաստացի սպառնալիք համարեց ՀՀ-ի համար, Տավուշում գնաց միակողմանի զիջումների, ստիպված եղավ հատվածային դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ 4 գյուղ տալ Ադրբեջանին, ՍԴ-ով ընդունել ադրբեջանական նարատիվներով փաստաթուղթ.

 

«Իր ՔՊ խմբակին սարքեց «Ենի Ադրբեջան և Արդարություն և զարգացում էրդողանական կուսակցության փաստացի շահառուներ»: Բայց դա էլ չօգնեց: Մենք տեսանք, որ նրանք նույնիսկ պատրաստ էին COP 29-ին գնալ, բայց դրա փոխարեն ընդունեին փաստաթուղթ, որում գոնե «խաղաղություն» բառը կլիներ, սակայն դա էլ չստացավ: Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ինքը ձախողվում է, և տեսնելով, որ իր առաջ ունի տեսարանների կարոտ հասարակություն, գնաց տեսարանների և սկսեց ներքաղաքական՝ «ջղային Նիկոլ» օպերացիան»:

 

Բանախոսը շեշտեց՝ Փաշինյանը և իր թիմը ձախողել են խաղաղության օպերացիան և որպեսզի կարողանան ավելի քիչ կորուստներ կրել, խաղում են ֆուտբոլային դիվանագիտությամբ՝ «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է կարգախոսով».

 

«Դրա համար էլ ինքը, գուցե, իր արտաքին գործընկերների դրդմամբ, նախաձեռնեց այդ 5-6 պաշտոնյաների հեռացումը, որի մասին այս մի շաբաթը խոսում ենք։ Արցախի հարցը, արցախահայության խնդիրները, պետականության գահավիժումը թողած՝ դրա մասին ենք խոսում: Նստել, ամբողջ ազգով քննարկում ենք, թե ինչու Նիկոլը սափրվեց, սափրվելուց հետո ինչու Պողոսին հանեց, Պետրոսին նշանակեց: Ես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք կապ չունի, թե ով որտեղ է աշխատում: Եթե մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ի՞նչ կապ ունի, թե ով է մեր ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը, Պաշտպանության նախարարը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր