«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «56-ամյա կնոջ մահից հետո «Արթկոսմեդ»-ը կրկին վերսկսել է վիրահատությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը տեսչական գործողություններ չի իրականացրել նշված կլինիկայում, իսկ դեպքից անցել է մեկ ամիս։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։ Նախարարը նշեց, որ ԱՆ-ն (առողջապահության նախարարություն) բժշկական հաստատություններում կամ էսթետիկ վիրաբուժության կլինիկաների լիցենզավորման ոլորտում ավելի խիստ պահանջների է դիմում։
Եվ սա այն բանից հետո, երբ «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում։
Տեսչական մարմնի արված գործողությունների արդյունքը չերեւաց, քանի որ 1 ամիս անց այս կլինիկայի բժիշկ Արթուր Սարգսյանը կրկին անխոչընդոտ նույն վիրահատություններն է անում։ Տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քայլեր ձեռնարկվել են, դրանք ընթացքի մեջ են։ Մեկ այլ տեղեկությամբ՝ տեսչական մարմինը ստուգումներ չի անցկացնում, քանի որ «Արթկոսմեդ» կլինիկան 19-րդ պոլիկլինիկայից պետք է տեղափոխվի Կենտրոն վարչական շրջան։
Հիշեցնենք, որ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը 56-ամյա Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար: Սովորաբար, բժշկական կենտրոնը պետք է պատշաճ վերակենդանացման բաժանմունք ունենա, որ հավանական խնդիրների դեպքում անմիջապես կարողանա կայունացնել բուժառուի վիճակը. «Արթկոսմեդ»-ում բուժառուի վիճակի վատթարացումից հետո վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։
Կլինիկայում գրանցված մահվան առաջին դեպքում քրեական վարույթը նախաձեռնվել էր 2023թ. հոկտեմբերի 20-ին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում