00:00:00

Պաշտոնանկությունները՝ հնարավոր կոռուպցիայի նոր շղթա․ ով կփոխարինի Կարեն Անդրեասյանին. «Ժողովուրդ»

09:10, 19 նոյեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Պաշտոնանկությունը կարող է ծնել նոր կոռուպցիա եւ «խնամի-ծանոթ-բարեկամի» մի նոր շղթա, քանի որ պաշտոնանկություններից հետո մշուշում արդեն իսկ նշմարվում են նոր թեկնածուների անունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում Կարեն Անդրեասյանին կփոխարինի Նիկոլ Փաշինյանի քավոր (Տավուշի մարզպետ եւ ԱԺ պատգամավոր) Ղալումյանների հորաքրոջ որդին՝ ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը:

Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով՝ սնանկության դատարանի դատավոր: 2022 թ. հունվարի 13-ին նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով, բայց չի կառավարել իր ժամկետում, 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2024 թ. փետրվարի 12-ին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Այսպիսով՝ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել իշխանականների սիրելի տոհմի ազգակից եւ ԲԴԽ նախագահի պաշտոնի հավակնորդ Արթուր Աթաբեկյանը։

Ըստ Աթաբեկյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ նա հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի։ Ահատական բնակելի տունը եւ երկու հողամասը 2018 թվականին Աթաբեկյանը ժառանգություն է ստացել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում։ Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը եւ ավտոկայանատեղին ձեռք են բերվել 2017 թվականին եւ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։

ԲԴԽ անդամ Աթաբեկյանը հայտարարագրել է տրանսպորտային մեկ միջոց՝ 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի, որը գնել է 2022 թվականին։ Նա ունի եւս մեկ մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 355 հազար դրամ, որը ավելի է տարեսկզբում առկա հաշիվների մնացորդից գրեթե 2 միլիոն դրամով։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 700 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 979 հազար դրամ, որից 16 մլն 194 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտից։ Աթաբեկյանի տարեկան եկամուտներում առկա դրամական միջոցները ստացվել են նաեւ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից՝ որպես Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։

Աթաբեկյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 043 հազար դրամ, որը մեկ ավտոկայանատեղու եւ երկու բնակարանների հիփոթեքի մայր գումարն է, որի համար էլ դատավորը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 521 հազար դրամ եկամուտ։ Եկամուտը ստացել է հիփոթեքային հարկերի վերադարձի օրենքի շնորիվ եւ մարել է հիփոթեքի մայր գումարի մնացորդը։

Դատավորի եւ նրա ընտանիքի կողմից հանգստի համար կատարած ճանապարհածախսերը կազմել են 3 մլն 500 հազար դրամ։ Վարկերի մարմանն ուղղվել է 4 մլն 049 հազար դրամ։

ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը ՀՀ դատավորների միության անդամ է։

Սպասենք Նիկոլ Փաշինյանի վերադարձին Վատիկանից, որից հետո կա՛մ ազատ հաստիքներում նոր անձինք կնշանակվեն, կա՛մ էլի կսկսվի երկարատեւ «քասթինգ շոուն»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր