Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպված և Փարիզում կայացած Գալա ընթրիքին, որը նվիրված էր Հայաստանում արհեստական բանականության զարգացմանը ու նորարարության խթանմանը, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Երեկոյի բանախոսներն էին «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «FAST» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Ֆրանսիայի «Ազգային արժանիքի» ասպետ, արհեստական բանականության ուսումնասիրությունների վրա մասնագիտացված «Mistral AI» ընկերության հիմնադիր Ժան-Շառլ Սամուելյանը, «FAST» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանը։
Երեկոյի հատուկ հյուրերն էին Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին և աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայկական «Picsart» ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը։
Ընթրիքին ներկա էին նաև Ֆրանսիայի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աստրիդ Փանոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանսիացի խորհրդարանականներ, նոր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերությունների, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ»,-ասված է հաղորդագրության մեջ։