Թեհրանը չի զիջի իր դիրքերը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Եվրոպայի հետ բանակցություններում: Այս մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է parstoday.ir-ը:
«Մենք մեր դիրքորոշումներն ու շահերը երբեք չենք զիջի։ Յուրաքանչյուր գործարք պետք է կատարվի արդար, անկողմնակալ, ռացիոնալ և տրամաբանությամբ։ Յուրաքանչյուր գործարք ունի իր պատմությունը։ Խելամիտ է ակնկալել, որ կողմերը չեն կրկնի նախկին սխալները և կփորձեն օգտագործել նախորդ բանակցությունների փորձը», - ասել է Բաղային, հաղորդում Է ISNA-ն։
Անցած շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Իրան կատարած այցելության ընթացքում բանակցություններ է վարել երկրի ղեկավարության հետ և Ֆորդոյում և Նեթենզայում դիտարկել իրանական միջուկային ծրագրի օբյեկտները՝ ԳՀՀԾ-ի իրականացման մասով հետագա որոշման համար: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Գրոսիի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ միջուկային զենք Թեհրանը չի ստեղծել և չի ստեղծի:
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը 2018 թվականի մայիսին դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։