Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ քաղաքացիներին նաև նույնականացման քարտով Ղազախստան մուտք գործելու հնարավորություն տվող համաձայնագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն:
Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո: Ըստ նախագծի՝ 2024թ. հուլիսի 3-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:r