171 ավտոբուսի գնման գործընթացն իրականացված է, հանձնման-ընդունման աշխատանքները՝ ևս, և ամբողջ խմբաքանակը Հայաստանում է: Այդ մասին զեկուցվեց այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ներկայումս իրականացվում են մաքսազերծման աշխատանքներ: 14 տրոլեյբուսի մասով ևս այս շաբաթ սկսվում են հանձնման-ընդունման և մաքսազերծման գործընթացները, միաժամանակ մշակվում են նաև երթուղիները:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Երևանի քաղաքապետարանը շարունակում է արդիականացնել հանրային տրանսպորտը և տրանսպորտային միջոցները, ապա շնորհակալություն հայտնեց միասնական տոմսային համակարգի միջանկյալ անցման ընթացքում երևանցիների ըմբռնման համար, ապա նաև հորդորեց գիտակցել միասնական տոմսային համակարգի կարևորությունը: