Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ պարոն Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է անձամբ զանգահարել Պուտինին, ուստի Ռուսաստանի նախագահը պատրաստ է այդ զրույցին, իսկ երեկ հնարավոր երկխոսությանը նա անձամբ անդրադարձավ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին։
Հիշեցնենք՝ «Վալդայ» միջազգային ակումբում քննարկման ժամանակ Պուտինը շնորհավորել էր Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու նշել, որ ռուսական կողմը «ամոթալի ոչինչ չի տեսնում» ԱՄՆ նորընտիր նախագահին անձամբ հեռախոսազանգ ուղղելու մեջ։ Թրամփն էլ ավելի ուշ NBC-ի եթերում ասել էր, որ ընտրություններում իր հաղթանակից հետո դեռ չի խոսել Պուտինի հետ, բայց չի բացառում, որ կխոսի։