44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Սարգսյանի նախագահությամբ։
Հովիկ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանի՝ սպառազինության գծով տեղակալ Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը։ Նա դատակոչված է որպես վկա։
Այսօրվա դատական նիստը դեռ չմեկնարկած ընդմիջվեց, քանի որ Հովիկ Գաբրիելյանը ուշացումով բերվեց դատարան։ Առաջին անգամը չէ, ոչ մեղադրյալին դատարան չբերելու խնդիր է ծագում, ընդ որում՝ ոչ միայն այս գործով․ բանն այն է, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, ծանրաբեռնված է։ Ի վերջո, նիստը սկսվեց նախանշված ժամից 30 րոպե անց, երբ Գաբրիելյանը եկավ նիստերի դահլիճ։
Վկա Գեղամ Ասատրյանի հարցերի գերակշիռ մասին արդեն պատասխանել էր, ուստի այսօրվա նրա հարցաքննությունը երկար չտեւեց (հարցաքննության առաջին մասն՝ այստեղ)։ Դատավարության կողմերը նրան ընդամենը մի քանի հարց տվեցին, օրինակ՝ երբ նահանջել են, դրանից հետո Ջաբրայիլի ուղղությամբ յուրային ստորաբաժանումների գրոհին իրենց զորամիավորումը մասնակցե՞լ է, ինչին վկան դրական պատասխանեց։
Վկա Գեղամ Ասատրյանը
Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը վկայից հետաքրքրվեց՝ երբ իրենց զորքը Հովիկ Գաբրիելայնի հրամանատարությամբ հայտնվեց Հադրութի շրջանում, այնտեղ հանդիպե՞ց յուրային զորքի։
- Ոչ,- պատասխանեց վկան,- Հադրութի զորամասի, երեւի, պահպանություն կազմակերպող անձնակազմն ա եղել մենակ։
- Այդ անձնակազմն անակնկալի՞ է եկել։
- Տենց չեմ կարա ասեմ, ցերեկն եմ մի քանի հոգի տեսել, իրիկունը չեմ էլ տեսել իրանց։
- Ձեզ սպասո՞ւմ էին էնտեղ։
- Չեմ կարա ասեմ։
- Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ երբ Ժիրայր Պողոսյանն իմացել է, որ դուք Հադրութում եք, ի՞նչ կարծիք է հայտնել։ (Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն, ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման,- հեղ․)։
- Չգիտեմ, չեմ կարա ասեմ։
Հաջորդիվ հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ արդյոք զորքը հանդիպե՞լ է ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Վկան միանգամից չմտաբերեց, թե ով է Առստամյանը, եւ միայն Մղդեսյանի՝ Առստամյանի զբաղեցրած պաշտոնն ասելուց հետո ասաց, որ վերջինս մի անգամ է եկել իրենց մոտ, մինչեւ հոկտեմբերի 5-ի նահանջը։ Վկան, սակայն, չհիշեց, թե ում հետ է եղել Առստամյանը։
Ի պատասխան հանրային մեղադրողի հարցի՝ վկա Ասատրյանը պնդեց, որ ՊԲ ուժերը գտնվել են իրենց ստորաբաժանումից ձախ։ Այս պատասխանը, սակայն, մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի մոտ նոր հարց առաջացրեց՝ եթե զորք եղել է իրենց ձախ կողմում, ապա ո՞ր զորքն է եղել։
- Արցախի զորամասերից ա եղել,- պատասխանեց վկան։
- Տեսել ե՞ք դուք,- հարցրեց մեղադրյալը։
- Հա, երեւում էր մեր մոտից։ Մեզ ձախից չէին կրակո՞ւմ։
Հովիկ Գաբրիելյանին վկայի պատասխանները վրդովեցրին, նրա արձագանքում դատավորը լարում նկատեց եւ զգուշացրեց, որ վկաների հետ այդ տոնով խոսելու պարագայում ստիպված է լինելու սանկցիա կիրառել։ Մեղադրյալն ասաց, որ ինքը որեւէ մեկի վրա ազդելու նպատակ չունի, այլ փորձում է իրականությունը ցույց տալ․
«Ես փորձում եմ Ձեզ մոտ իրականությունը ցույց տալ, որ համապատասխան մարդը պատերազմից շատ բաներ տեղյակ էլ չի եղել։ Տեղյակ չի եղել մի շարք բաներից, որով ինքը հիմա փորձում ա ցույց տա, որ ներկա ա եղել եւ կարողացել ա մարտ ղեկավարի։ Եթե ղեկավար լիներ, նշված պահին ինձ կօգներ, ոչ թե էսօր ստեղ կանգնած կլիներ»,- հայտարարեց Հովիկ Գաբրիելյանը։ Դատավորն ասաց, որ իրականությունը ավելի պարզ կդառնա ոչ թե վկաների պատասխանների հետ կապված մեկնաբանություններ անելով, այլ հարցեր տալով։ Հովիկ Գաբրիելյանն ասաց, որ դատարանը, այլ վկաների լսելով, շուտով կհամոզվի, որ Ասատրյանի հայտարարությունը, որ իրենցից ձախ ուժեր են եղել, սուտ է։
Վկայի հարցաքննությունն ավարտելուց հետո դատարանն անցավ վկայի խափանման միջոցի հարցին։ Հանրային մեղադրողը հայտարարեց, որ հիմնավոր կասկածներ շարունակում են առկա մնալ ինչպես փախուստի, այնպես էլ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու մասով։ Մեղադրողը միջնորդեց Գաբրիելյանի կալանքի ժամկետը եւս 3 ամսով երկարաձգել։
Հակադրվելով հանրային մեղադրողին՝ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց իր պաշտպանյալի կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով, վարչական հսկողությամբ, տնային կալանքով։ Գրավի համար Խաչիկյանն առաջարկեց 3 մլն դրամ՝ նշելով, որ նման մեղադրանքի համար այն թեեւ քիչ գումար է, սակայն այն մեծ դժվարությամբ հավաքել են Գաբրիելյանի հարազատները։
Ինչ վերաբերում է Գրիգոր Մղդեսյանի հայտարարությանը, որ շարունակում են մնալ կալանքի հիմքեր, Խաչիկյանը նախ հայտարարեց, որ Հովիկ Գաբրիելյանը նահանջի հրաման տալու իրավասություն ունեցել է, այլ հարց է՝ ճի՞շտ էր նման հրաման տալը, թե ոչ։ Ապա պաշտպանը նշեց, որ այս քրեական վարույթը պատկանում է այն վարույթների շարքին, որոնցում հիմնականում կամ բացառապես վկաների ցուցմունքներով է ապացուցվել հանցակազմի առկայությունը․ «Սույն քրեական գործով ներգրավված են 37 վկա, նրանցից միայն 14-ն են ականտես վկաներ, մյուս 23-ը վկայություն են տվել՝ ըստ լսելու մեկ այլ վկայից կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձանցից։ 14 ականտես վկաներից միայն 5-ն են, որ Հովիկ Գաբրիելյանի կողմից ղեկավարվող գումարտակից են եղել, ենթակա են եղել, գտնվել են դեպքի վայրում եւ բացառապես նրանք են տեղեկացված զորքի բարոյահոգեբանական վիճակի, զինամթերքի առկայության մասին, իրապես կամ ենթադրաբար շրջափակման մեջ ընկնելու մասին, եւ, ընդհանրապես, այդ զորամիավորումից ձախ հատվածի բաց լինել-չլինելու մասին»,- ասաց Խաչիկյանը։
Ըստ նրա՝ արդեն հարցաքննված վկաների ցուցմունքների որոշ հատվածներ թուլացնում են հիմնավոր կասկածի առկայությունը։ Խաչիկյանը հիշեցրեց, որ վկա Ժիրայր Պողոսյանը ցուցմունքում հայտնել է, որ Հովիկ Գաբրիելյանն իրեն չի զեկուցել, եթե զեկուցեր, ինքը հրաման կտար, եւ նահանջի հրաման չի տրվել, քանի որ ամեն ինչ տեղին է եղել․ «Գրեթե նույնատիպ ցուցմունքով հանդես է եկել Համլետ Լեւոնյանը, սակայն նրա ցուցմունքներում առկա է կարեւոր հանգամանք․ հերքվեց այն, որ 2 հոգի Հովիկ Գաբրիելյանի մեղքով է զոհվել»։
Հաջորդիվ պաշտպանը հիշեցրեց վկաներից Կոլյա Դավթյանի ցուցմունքը, որ վերջինս, անկախ բազմաբնույթ ցուցմունք տալուց, չհերքեց, որ Հովիկ Գաբրիելյանը հակառակորդին դիմադրելու կարողություն չունենալու մասին զեկուցել է, բայց թե ում՝ Կոլյա Դավթյանը չի նշել․ «Չհերքեց զեկույցի մասին, չհերքեց բարոյահոգեբանական վատ վիճակի մասին, չհերքեց որոշակի զենքի բացակայության մասին։ Վկա Ասատրյանը նույնպես չհերքեց բարոյահոգեբանական վատ վիճակի մասին, չհերքեց, որ Հովիկ Գաբրիելյանի պատճառով որեւէ զինտեխնիկա չի վնասվել, չհերքեց, որ Գաբրիելյանը, որպես այդպիսին, եղել է նորմալ հրամանատար եւ փորձել է զորքին էդ վիճակից դուսր բերել, բայց չի հաջողվել»,- ասաց Խաչիկյանը՝ նշելով, որ այս հանգամանքները բարձրաձայնում է, քանի որ այժմ խոսքն այն մասին է՝ Գաբրիելյանը նման հրաման պետք է տար, թե ոչ։ Ըստ պաշտպանական կողմի՝ զորքը լավ վիճակում չէր, եւ հարց է՝ եթե մնար, կկարողանա՞ր պաշտպանվել, թե՞ ոչ։
Պաշտպան Վրեժ Խաչիկյանը
Անդրադառնալով դատարանի դիտարկմանը, որ անձը անբարյացկամ վերաբերմունք է դրսեւորում վկաների նկատմամբ, պաշտպանը պարզաբանեց, որ անձը, որը քանի ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, երբ վկաներից լսում է, ըստ իրեն, ոչ ճշմարտացի տեղեկություններ, նեղսրտում է։ Պաշտպանը նկատեց, որ այդ վերաբերմունքը կարելի է դիտարկել որպես ճշմարտությանն արձագանքելու ճիգ եւ միտում։
Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի կողմից իրական համարվող թաքնվելու վտանգին, պաշտպանը հայտարարեց, որ նման միտում իր պաշտպանյալը չի ունեցել։ Արձագանքելով դատախազի դիտարկումներին՝ Հովիկ Գաբրիելյանն ինքը մեկնաբանեց, որ ինքը չի խուսափել քննությունից, դեռ ավելին, Արցախից Հայաստան գալուց հետո անձամբ է ներկայացել ոստիկանություն։ Թե ինչու վերադարձից անմիջապես հետո չի ներկայացել, այլ շուրջ 15 օր անց, Գաբրիելյանը նշեց, որ հարազատի մասունքները գտնելու, ապա հուղարկավորելու հարցերով է զբաղված եղել, ինչի մասին տեղեկացրել է ոստիկանության ծառայողին եւ ստացել նրա համաձայնությունը՝ արարողությունների հաջորդ օրը ներկայանալ, ինչը եւ արել է։
Դատավորի հարցին, թե ինչու վարույթն իրականացնող քննիչին չի հաղորդել, որ վերադառնում է Արցախ (խոսքը տեղահանությունից առաջ եղած իրադարձությունների մասին է), ապա տեղահանությունից հետո, երբ Հայաստանում է եղել, ինչու քննիչին չի հայտնել իր գտնվելու վայրի մասին, Գաբրիելյանն ասաց, որ ինքը քննիչին զանգել է, սակայն վերջինս մեկ նախադասություն լսելուց հետո հեռախոսն անջատել է եւ էլ ոչ մի անգամ չի պատասխանել իր զանգերին։ Ըստ պաշտպանի՝ հետագայում քննիչն ինքը հայտնել է, որ զբաղվածության պատճառով չի հասկացել, որ Հովիկ Գաբրիելյանի հետ է խոսում։ Խաչիկյանն ասաց, որ իր պաշտպանյալի՝ ինքնակամ ոստիկանություն ներկայանալու արձանագրությունն առկա է։ Խաչիկյանը մատնանշեց եւս մեկ հանգամանք, որ քննիչը, ունենալով Գաբրիելյանի արցախյան հեռախոսահամարը, նրան զանգել է երեւանյան համարով, հետո արդեն արցախյան ոստիկանության միջոցով է փորձել իմանալ Գաբրիելյանի գտնվելու վայրը։
Այս բոլոր հանգամանքների մանրամասն քննարկումից հետո մեղադրյալի պաշտպանը նաեւ ասաց, որ Գաբրիելյանը որոշ առողջական խնդիրներ ունի, իսկ նրա մայրը տարեց կին է, եւ ցանկալի է, որ որդին նրա կողքին լինի։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին։
Հայարփի Բաղդասարյան