Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտբի Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանած Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։