Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հայտարարել է, որ պատրաստ է «ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա դադարեցնել պատերազմն Ուկրաինայում»։
«Եթե Թրամփը հավատարիմ մնա իր խոստմանը և կարողանա վերջ տալ այդ պատերազմին, մենք համապատասխան առաջարկը կուղարկենք Նոբելյան հանձնաժողով», – Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ասել է Լուկաշենկոն։
Անցած տարի Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ վերընտրվելու դեպքում ճնշում կգործադրի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի նախագահների վրա ՝ երկու կողմին էլ ստիպելու գնալ բանակցությունների:
«Ես կասեի Զելենսկուն. «Բավական է, մենք պետք է ստորագրենք խաղաղության պայմանագիր»։ Պուտինին էլ կասեի. «Եթե չհամաձայնեք խաղաղության գնալ, մենք մեծ աջակցություն կուղարկենք Ուկրաինա»: Եվ եթե պետք լինի, կուղարկենք այնքան, որքան նրանք նախկինում դեռ չեն տեսել։ Եվ ես մեկ օրում խաղաղության կհասնեմ։ Մեկ օրում»: