Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան ցեղասպանություններից մեկը»։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը մասնակցել է Ստամբուլում անցկացվող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության «Տնտեսական եւ առևտրային համագործակցության» մշտական հանձնաժողովի 40-րդ նիստին։
Ըստ Էրդողանի՝ իսրայելական գործողությունների հետևանքով նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր Գազայում մոտավորապես 50 հազար մարդ է զոհվել։
Նա կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին «մի կողմ դնել հակասությունները և աջակցել պաղեստինցիների ու լիբանանցիների արդար պայքարին»։
Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել առևտրատնտեսական հարաբերություններին՝ նշել է․ «Եգիպտոսի տարածքով Գազա ենք հասցրել ավելի քան 85 հազար տոննա օգնություն։ Մենք այն երկիրն ենք, որն ամենաշատ օգնությունն է ցուցաբերում Գազային։ Ի պատասխան Գազայի ցեղասպանության՝ մենք ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Մենք հրաժարվել ենք 9․5 միլիարդ դոլարի առևտրից»։