Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Ռուսթավելիի պողոտա, որտեղ հասարակությունը բողոքում է ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։
Ինչպես հայտնել է տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը, Զուրաբիշվիլին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ նշել է, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ Զուրաբիշվիլին երդվել է, որ մինչև վերջ ժողովրդի կողքին է լինելու:
«Ահա այն դրոշը, որով Վրաստանը նորագույն դարաշրջանում առաջին անգամ հռչակեց ազատություն և անկախություն։ Սա այն դրոշն է, որի շարունակությունը մեր ներկայիս դրոշն է, և երկու դրոշների առաջ կարող եմ երդվել, որ ձեզ հետ եմ լինելու մինչև այս եվրոպական ճանապարհի ավարտը և մինչև հասնենք Եվրոպայի դռան առաջ, որը մեր իրական երազանքն է։
Մենք այլընտրանք չունենք, և մենք այլ բան չեն ուզում թողնել հաջորդ սերունդներին՝ անկախությունից, ազատությունից, եվրոպականությունից և վրացական ինքնությունից բացի, որը մեզանից անբաժան է և անչափ թանկ է»,- ասել է Զուրաբիշվիլին։
Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:
Հիշեցնենք ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53.92 %-ը: