Համաշխարհային տնտեսությունն առաջիկա հինգ տարվա ընթացքում ավելի շատ կապավինի ԲՐԻԿՍ-ին, քան Մեծ յոթնյակի երկրներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին կանխատեսումը։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամանակաշրջանում աճի մեծ մասը բաժին կընկնի ԲՐԻԿՍ-ի այնպիսի հզոր տնտեսությունների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան: Միևնույն ժամանակ, G7-ի այնպիսի երկրների ակնկալվող ներդրումը, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան և Ճապոնիան, նվազման միտում ունեն։
Միևնույն ժամանակ, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը և Վիետնամը, տնտեսական աճը կհասնի զարգացած այնպիսի երկրների մակարդակին, ինչպիսիք են Գերմանիան և Ճապոնիան՝ շնորհիվ զարգացող տնտեսությունների ավելի մեծ կշռի` գնողունակության պարիտետի գնահատմամբ:
Չինաստանը կմնա համաշխարհային տնտեսության մեջ խոշորագույն ներդրումն ունեցողը։ Նրան հաջորդում է Հնդկաստանը, որը նույնպես զգալիորեն մեծացնում է իր ազդեցությունը գլոբալ աճի վրա։ ԱՄՆ-ն պահպանում է իր դիրքը խոշորագույն տնտեսությունների շարքում, սակայն նրա մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում նվազում է զարգացող երկրներում սրընթաց աճի ֆոնին: