00:00:00

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Քննչական կոմիտեում ցուցմունք է տվել ու հայտնել` տագնապ է զգացել. պայթյունի փորձի հետքերով. «Ժողովուրդ»

08:15, 24 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաեւ ինքը՝ Արսենյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արսենյանի տված ցուցմունքը եւս, որտեղ նա քննիչին ասել է՝ «Այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր»:

Դեռեւս փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակի, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված, ու գործը դատարանում է ։

ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի՝ հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Ստորեւ՝ Գուրգեն Արսենյանի ցուցմունքը. «Որքանով հիշում եմ՝ 2020 թվականի փետրվարի 20-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ստացել եմ հաղորդագրություն ինչ-որ «ֆեյք» էջից, որում, մասնավորապես, ասվում էր. «Հը՞ն, ո՞նց էր, պայթյունը դուրդ եկա՞վ…..»: Ես ուշադրություն չեմ դարձրել այդ հաղորդագրությանը եւ արգելափակել եմ այդ էջը, դրանից հետո՝ փետրվարի 22-ի երեկոյան, գնացել եմ Գյուլբենկյան 33 հասցեի գրասենյակային տարածք եւ այնտեղ տեսել եմ պայթուցիչի գլանակներ, մանեկներ, էլէկտրոնային ժամացույցի մեխանիզմ: Հարցրել եմ, թե դա ինչ է, գրասենյակի աշխատակից Սերգեյ Կարապետյանը ասել է, որ այն երկու օր առաջ է գտել գրասենյակի դիմացի ծառի տակից, բերել է գրասենյակ ու սկսել է քանդել: Այդ ժամանակ ես հասկացա, որ դա պայթուցիկ սարք է, ու անմիջապես զանգեցի, հրահանգեցի, որ այդ մասին հայտնեն իրավապահներին:

ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներով գրանցված օգտատիրոջից եք ստացել նշված հաղորդագրությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկա պահին չեմ հիշում, բայց գիտեմ, որ նույն անձի կողմից նմանատիպ հաղորդագրություններ ուղարկվել են նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին եւ Ռոմանոս Պետրոսյանին:

ՀԱՐՑ. Ո՞ւմ եք կասկածում կատարված հանցագործության համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես որեւէ մեկին չեմ կասկածում, թշնամիներ չունեմ:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքան ժամանակ է, որ ճանաչում եք, ինչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ինչ հարաբերություններ ունեք վերջիններիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման տվյալներով անձանց չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ եւ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես եւ Գուրգեն Մելքոնյանը ԱԺ 8_րդ գումարման պատգամավորներ ենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեզ՝ երկուսիս, միայն դա է միավորում:

ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը եղել է Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության առաջացման պատճառ եղե՞լ է, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես տեսա՝ այդ սարքավորումները մեր գրասենյակում են, հենց այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր:

ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Վանեսյան տվյալներով անձին, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող գործողություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման գործողություններ իմ նկատմամբ երբեւէ չեն կատարվել:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր