00:00:00

Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի. «Ժողովուրդ»

09:49, 18 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը։

Իշխանական պատգամավորը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքի համաձայն 3-6 տարի է, երկարեցվի՝ ընդհուպ 15 տարի։

ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասում է՝ թմրանյութերի շրջանառության համար նախատեսված 3-6 տարի պատիժն անհամաչափ է. «Պետք է լինի սպանության կամ սպանության փորձի պատժի չափով, օրինակ՝ մինչեւ 15 տարի»։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ լսումների ժամանակ հայտարարեց, որ դատարանից դատավորը գրավի դիմաց բաց է թողնում տվյալ արարքը կատարողին, քանի որ դա ծանր հանցագործություն չի համարվում, պետք է համարվի ծանր հանցագործություն, որպեսզի դատավորը, ով ստորագրությամբ բաց է թողնում, իմանա, որ չենք թողնելու»,- ասաց նա։

Իսկ ե՞րբ նախագիծը կդրվի շրջանառության մեջ. Սարգսյանն ասաց, որ նախագիծը դեռ մշակման փուլում է. «Խմբակցությունում պետք է քննարկենք, հետո` կառավարության մեր գործընկերների հետ եւ նոր դնենք շրջանառության մեջ։ Ճիշտ է, երկար կտեւի, բայց կարեւոր է սրա մասին խոսելը, որպեսզի թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող մարդիկ իմանան՝ խիստ պատժվելու են»,- ասաց Սարգսյանը:

Թերեւս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեծ դիմադրություն չցուցաբերի այս նախագծի մասով՝ հաշվի առնելով անցյալում թմրանյութերին նրա առնչությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր