Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի՝ Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձևերը և ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները՝ անվանելով դրանք ՛՛կանխակալ՛՛ և ՛՛չհիմնավորված՛՛:
Նա նշել է, որ Ադրբեջանը վճռականորեն մերժում է հոկտեմբերի 10-ին Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկու, իր խոսքով, ՛՛հակաադրբեջանական՛՛ բանաձևերը:
Միևնույն ժամանակ, ըստ Հաջիզադեի, անընդունելի է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի կողմից այդ ՛՛կանխակալ՛՛ բանաձևերի ելույթի ժամանակ աջակցություն հայտնելը Արցախի նախկին ղեկավարներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում:
Հայտարարության մեջ Հաջիզադեն կրկին մեղադրել է ՀՀ-ին Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքային նկրտումներ՛՛ ունենալու համար, նշել, թե իբրև հայկական կողմը ՛՛ոչնչացրել է՛՛ իրենց մշակութային և կրոնական ժառանգությունը, ՛՛օկուպացրել՛՛ իրենց հողերը, ՛՛կեղծ քարոզչություն՛՛ արել իրենց դեմ:
Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումը նա անվանել է տեղական ՛՛հակաահաբեկչական միջոցառում՛՛՛, նշել, որ դրանով իրենք փորձել են վերացնել Ադրբեջանի դեմ ՛՛ռազմական սպառնալիքները՛՛:
Բացի այդ՝ Հաջիզադեն Արցախի նախկին ղեկավարությանը մեղադրել է մտացածին հանցագործությունների համար, նշել, որ ՛՛Ադրբեջանն ունի ինչպես իրավունք, այնպես էլ միջազգային պարտավորություն այդ անձանց պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավունքին համապատասխան՛՛:
Հայտարարութան վերջում Հաջիզադեն նիդերլանդական կողմին կոչ է արել ՛՛հրաժարվել միակողմանի դիրքորոշումից, որը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը և լարվածություն է ստեղծում Ադրբեջան-Նիդերլանդներ հարաբերություններում՛՛: