00:00:00

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում

18:32, 14 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Երեկ` հոկտեմբերի 13-ին ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանի հարազատները ինքնասպանության շրջանառվող վարկածին չեն հավատում: Այդ մասին News.am-ին ասել են Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչները` նշելով, որ վարկածն իրենց համար էլ է անընդունելի:

 

«Աղասիի մայրը` Գոհարը, ասում է, որ երեկ առավոտյան տեսազանգով զրուցել է որդու հետ: Ամեն ինչ լավ է եղել, տղայի մոտ արտասովոր ոչինչ չեն նկատել ընտանիքի անդամները: Աղասին ասել է` ձեզ հետ խոսեմ, հետո հորս էլ զանգեմ, բայց այդպես էլ չի զանգել: Խոսակցության վերջում ասել է` «ինչ-որ մեքենա եկավ, երևի սպա է, տեսնեմ՝ ով է ու նորից կզանգեմ»: Անջատել է ու այդպես էլ ոչ ոքի չի զանգել: Դրանից մոտ 10 րոպե անց մայրն է զանգել, բայց Աղասին զանգին չի պատասխանել»,-պատմել են նրանք։   

 

Գյուղի դպրոցի տնօրենի խոսքով, Աղասին օրեր առաջ էլ ուսուցիչներին էր զանգահարել ու շնորհավորել ուսուցչի տոնի առթիվ, նրանց հետ զրույցում էլ նշել էր, որ ծառայությունը լավ է անցնում:

 

Գյուղի բնակիչները, որոնք ինքնասպանության վարկածին չեն հավատում, ասել են՝ Աղասին միշտ գոհ է եղել ծառայությունից, ոչնչից երբևէ չի բողոքել:

 

«2024 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, դեռ 19 տարին էլ չէր լրացել: Մինչև բանակ գնալն էլ գյուղատնտեսությամբ էր զբաղվում, օգնում էր ընտանիքին, անգամ խնդրել էր իր համար տեխնիկա գնել, որ բանակից վերադառնալուց հետո գյուղատնեսությամբ զբաղվի»,-պատմել է Բասենի վարչական ղեկավար Հայկ Մնացյանը:

 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:

 

Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր