Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմել է ՌԴ Քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը, որը մեղավոր էր ճանաչվել «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով ապացույցները կեղծելու մեջ, ասվում է դատարանի որոշման տեքստում, որը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։
«Պատիժների մասնակի համադրմամբ, Աղաջանյանին 10 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման պատիժ նշանակել՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում այն կրելու համար՝ երեք տարով զրկել նրան իշխանության ներկայացուցչի գործառույթների իրականացմանն առնչվող մարմիններում քաղաքացիական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև զրկել արդարադատության մայորի հատուկ կոչումից»,- ասված է փաստաթղթի տեքստում։
Աղաջանյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ հոդված 299-ով (անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը) և ՌԴ ՔՕ հոդված 303-ով (ապացույցների կեղծում): Զամոսկվորեցկիի դատարանը նրան դատապարտել էր 11 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի որոշմամբ նախկին քննիչի դեմ քաղաքացիական հայցը բավարարվել էր, դատարանը պարտավորեցրել էր նրան որպես վնասի փոխհատուցում վճարել 7 մլն ռուբլի։ Մոսկվայի քաղաքային դատարանը բեկանել է այս որոշումը և գործը տեղափոխել քաղաքացիական դատավարական քննություն։