00:00:00

Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը»

17:48, 12 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձել է Հայաստանում անցկացված «Խաղաղության խաչմերուկի» թեմայով համաժողովին․

 «Հայաստանում անցկացվել է Խաղաղության խաչմերուկի թեմայով համաժողով, որին ներկա են եղել նաեւ ԵՄ դեսպանի, կարծես թե մի քանի այլ միջազգային դիվանագետներ, որոնք ծառայում են Հայաստանում:

Ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանն ու բավականին հանգամանալից, ու ըստ էության կարծես թե որոշակի աննախադեպ հանգամանալիությամբ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի բնորոշ է այսպես ասած փորձագիտական, վերլուծական համայնքի որեւէ ներկայացուցչի, քան պետության առաջին դեմքի ելույթի:

Սա զուտ ինքնանույնականացմա՞ն խնդիր է, թե՞ Փաշինյանը միանգամայն գիտակցված է ընտրել այդ տարբերակը, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում այլեւս ունի ոչ այնքան պետական սուբյեկտության գործառույթ, որքան ավելի շատ իրադարձությունների ընթացքին հետեւելու եւ պարզապես «նժարի ծանրությունը» ճշգրիտ չափելու կամ քամու ուղղությունը ճիշտ որսալու խնդիր:

Ընդ որում, ինքնի այդ իմաստով համաժողովի անցկացման փաստն իսկ ուշադրության է արժանի: Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ ժամանակում է այն կազմակերպվել: Ենթադրաբար, զուտ դատելով վիզուալ պատկերից, լսարանի ծավալից եւ կազմից, միջոցառումը կազմակերպվել է թերեւս բավականին արագ, մեծ հավանականությամբ՝ օրերի ընթացքում: Կրկնեմ, սա ենթադրությունս է, զուտ վիզուալ տպավորություն, որը բնականաբար կարող է լինել սխալ:

Բայց, այդուհանդերձ հանգամանքը, որ Հայաստանը փաստացի այս փուլում կազմակերպում է «Խաղաղության խաչմերուկի» զգալիորեն աննախադեպ մանրամասն «ստուգաբանությամբ» պրեզենտացիա՝ վարչապետի ելույթի մակարդակով, ընդ որում վարչապետի ելույթն էլ՝ ավելի շուտ փորձագիտականությանը բնորոշ տրամաբանությամբ, պահանջում է ուշադրություն:

Դարձյալ, տպավորություն է, որ Երեւանն ինչ որ զարգացումների սպասումով՝ պարզապես փորձում է իր այսպես ասած դիրքը ներկայացնել՝ «որ հետո չասեն» տրամաբանությամբ:

Դա անշուշտ չի նշանակում, թե այն, ինչ սպասվում է կամ կարող է սպասվել՝ որպես զարգացում, լինելու է անպայմանորեն: Բայց, համենայն դեպս երեւանյան համաժողովի կամ այլ կերպ ասած՝ «թեմատիկ առումով զգալիորեն բացված բրոշյուրի» տրամաբանությամբ միջոցառման անցկացումը կարծես թե այն մասին է, որ Երեւանը համենայն դեպս գոնե փորձում է ապահովել իր տեղեկատվական «թիկունքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր