Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն:
Հայտարարությունում նաև ասվում է. «Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները:
Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»: