00:00:00

Ատելության խոսքի կանխարգելման հարցը պիտի ուսումնասիրել ոչ միայն ՀՀ-ի, այլև աշխարհի դիտանկյունից․ ՄԻՊ

16:31, 09 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Հոկտեմբերի 8-9-ը Ծաղկաձորում անցկացվել է լրագրողների համար վերապատրաստման դասընթաց՝ «Ատելության խոսքի դեմ պայքարի եվրոպական չափանիշներն ու լավագույն փորձը» թեմայով:

Միջոցառումը մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի ողջույնի խոսքերով: 

Պաշտպանը կարևորել է ատելության խոսքի կանխարգելման թեմայով լրագրողների համար իրականացվող վերապատրաստման դասընթացը, քանի որ այն ևս մեկ հնարավորություն է համատեղ քննարկել մի թեմա, որը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առանցքային է:

«Խոսքի ազատության հիմնախնդիրը, ատելության խոսքի կանխարգելման հարցն անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի դիտանկյունից: Մի կողմից բոլորս ունենք խոսքի և լրատվական գործունեության ազատության երաշխավորման պարտավորություն, մյուս կողմից էլ՝ պարտավորություն այդ իրավունքն իրացնելու այսօրվա աշխարհում գոյություն ունեցող իրավական չափանիշներին համապատասխան: Ցավոք, ատելության խոսքի կանխարգելման առումով այսօր ունենք բազմաթիվ մարտահրավերներ և խնդիրներ: Հենց դա հաշվի առնելով՝ քննարկման համար ընտրեցինք ատելության խոսքի դեմ պայքարի եվրոպական չափանիշներն ու լավագույն փորձը թեման: Չափազանց կարևորում եմ այս քննարկմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն ու ակտիվ ներգրավվումը: Շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերներին միջոցառումը կազմակերպելու հարցում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Պաշտպանը:

Դասընթացին մասնակցել է Զանգվածային լրատվության միջոցների շուրջ 20 ներկայացուցիչ: Նրանց ներկայացվել են ԵԽ մարդու իրավունքների մեխանիզմների կողմից ատելության խոսքին հակազդելուն առնչվող վերջին եվրոպական չափանիշները, ատելության խոսքի հիմնական հասկացություններն ու սկզբունքներն ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավաբանության, անդրադարձ է կատարվել Հայաստանում ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրությանը:

Բացի այդ, քննարկվել են ԶԼՄ-ների կողմից զգայուն հրապարակումների և հաղորդակցության ապահովումը տեղահանված անձանց իրավունքների լուսաբանման տփսանկյունից, իրավական մարտահրավերները և աջակցության մեխանիզմները Հայաստանում տեղահանված անձանց համար:

Լրագրողներին ներկայացվել է նաև Գենդերային հարցերի զգայուն լուսաբանման ուղեցույցը:

Դասընթացը կազմակերվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրերի շրջանակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր