Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։ Ըստ Report-ի՝ Վրաստանի վարչապետը համապատասխան հայտարարություն է արել՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևորագույն առաջնահերթություններից են»,- նշել է Կոբախիձեն։
Խոսելով առաջիկա չորս տարիների իշխանությունների արտաքին քաղաքական ծրագրերի մասին՝ Կոբախիձեն ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների վերականգնումն անվանել է «ամենակարևոր ազգային խնդիր»։
Նա նաև առաջնահերթություն է համարել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Կոբախիձեն խոսել է նաև հարևան Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա խորացման կարևորության մասին։