00:00:00

ԵՊՀ-ն, ՏԿԵՆ-ը եւ ԶՊՄԿ-ն երկրաբանության ոլորտում համատեղ ծրագրեր կիրականացնեն

11:34, 02 հոկտեմբեր 2024 Տնտեսություն

Երեւանի պետական համալսարանը, Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եռակողմ հուշագիր են կնքել։

Փաստաթուղթը ստորագրել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Կողմերը համաձայնել են միավորել ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության եւ այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է միջազգային երկօրյա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի (Mining Armenia Forum) շրջանակում։

ԵՊՀ նշյալ ուղղությունների ուսանողները հնարավորություն կստանան ԶՊՄԿ-ում մասնակցել արտադրական պրակտիկաների, փորձնակության ծրագրերի, մաս կազմել ընկերության զարգացման ծրագրերի նախագծմանն ու փորձի փոխանակման այլ ձեւաչափերով միջոցառումներում ընդգրկմանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` այս համագործակցությունը լավագույն օրինակն է, որ գիտությունը եւ արդյունաբերությունը պետք է քայլեն միասին՝ միմյանց ուժեղացնելու եւ շարունակական առաջընթաց գրանցելու համար.

«Համատեղ ուժերով մենք կկարողանանք մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներում միավորել մեր ներուժն ու ռեսուրսները՝ նպաստելով կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարարությունների ներդրմանն ու երկրի տնտեսության կայուն զարգացմանը։ Համագործակցությունը հնարավորություն կընձեռի նաեւ մեր ուսանողներին ու հետազոտողներին փորձարարական հարթակներում աշխատել եւ առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնել, ինչը էական նշանակություն կունենա գիտահետազոտական աշխատանքների արդյունքների կիրառման եւ արդիականացման հարցում»:
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, մասնավորապես, ընդգծել է, որ կրթությունը ընկերության սոցիալական ծրագրերի կարեւորագույն բաղադրիչն է։

«Գործնական գիտելիքների ձեռքբերումն ու ամրապնդումը, գիտահետազոտական աշխատանք կատարելը ժամանակակից եւ հագեցած լաբորատորիաներում նոր որակ է հաղորդում կրթությանը։ Նման համատեղ ծրագրերի միջոցով մենք ոչ միայն զարգացնում ենք երիտասարդ սերնդի մասնագիտական հմտություններն ու հետազոտական ներուժը, այլեւ՝ մեծացնում հետաքրքրությունը հանքարդյունաբերության մի շարք առանցքային մասնագիտությունների նկատմամբ։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք հասկանում ենք մասնավոր հատվածի եւ բուհերի համագործակցության կարեւորությունը եւ մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ համագործակցությունը»,- ասել է Ռոման Խուդոլին։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պատրաստակամություն է հայտնել ապաhովել պրակտիկայի անցկացումը ՀՀ ՏԿԵ նախարարությունում եւ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում եւ տրամադրել ՊՈԱԿ-ում առկա նյութերը՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Բոլոր մասնագիտություններով աշխատուժի որակավորումը մեզ համար առաջնային կարեւորության հարցերից է, որից անմասն չեն մնում նաեւ երկրաբանության ու հանքագործության ոլորտները։ Այս մասնագիտությունների գծով թափուր մնացող տեղերը մեզ համար ազդակ են գործելու եւ լուծումներ փնտրելու։ Բանակցելով կողմերի հետ՝ մի քանի ուղղություններով համագործակցություններ ենք հաստատել եւ նպատակ ունենք նպաստել այս կարեւոր ոլորտներում ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվմանն ու հետագայում նրանց միջոցով զարգացման ապահովմանը»,-ընդգծել է նախարար Գնել Սանոսյանը։

Հուշագրով նախատեսված գործողություններն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից հինգ տարի ժամկետով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր