ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանից գազ ձեռք բերելու հնարավորության մասին հարցին, ասաց, որ ցանկացած այլընտրանքային աղբյուրից էներգառեսուրս գնելը ոչ թե կախվածություն է առաջացնում, այլ պակասեցնում է այդ կախվածությունը.
«Ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից․ երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է քո էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը։ Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե ոչ, ավելի շատ հետագայի ու տեսական հարց է։ Բայց եթե այնպիսի իրավիճակ լինի, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, որևէ ռեսուրս անհրաժեշտ լինելու դեպքում պետք է նայենք՝ ով է այդ ռեսուրսն ավելի էժան, որակով ու արագ մատակարարում։ Եթե դա մատակարարում է Ադրբեջանը, կարելի է քննարկել, եթե դա բխում է Հայաստանի շահերից»,- ասաց նա։