00:00:00

«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադայից և ասել՝ մի՛ արի. «Ժողովուրդ»

09:29, 24 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած ՝ բացառապես իշխանության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության այցը Կանադա անորոշ ժամանակով հետաձգվել է:

Նշենք, որ Կանադա այցը նախատեսվում էր սեպտեմբերի 25-30-ը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության քարտուղար, «ականջ կտրելու» սպառնալիքով հայտնի Արթուր Հովհաննիսյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ իր կնոջը խոշտանգած Ռուստամ Բաքոյանը, սկանդալային պատմություններով հայտնի Արման Եղոյանը և Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը, որը օրվա մեծ մասն անցկացնում է ԱԺ նախագահի ընդունարանում եւ, իհարկե, ԱԺ աշխատակիցներ:

Ընդդիմադիր որեւէ պատգամավոր ընդգրկված չէր պատվիրակության կազմում. ընդ որում հայ-կանադական բարեկամական խմբի ղեկավարը ընդդիմադիր կուսակցության՝ ՀՅԴ-ի առաջնորդ Իշխան Սաղաթելյանն է: Անգամ նրան էին շրջանցել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրառում էր կատարել՝ մեղադրելով ընդդիմությանը եւ վստահեցնելով, որ Կանադա այցն իր որոշմամբ է չեղարկվել:

«Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ինձ եկած հրավերի, որոշում եմ ես»:

Ավելի վաղ, սակայն, ԱԺ նախագահի խոսնակը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էր, որ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը հեռախոսազանգ է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ եւ խնդրել է այցը հետաձգել: «Երբ իրավիճակը հանգուցալուծվի, Կանադա այցը տեղի կունենա», – ասել էր նա:

Այսինքն՝ այցը չեղարկվել է կանադադական կողմի նախաձեռնությամբ, այլ ոչ՝ Ալեն Սիմոնյանի, ինչպես ինքն է պնդել:

Նշենք նաեւ, որ սովորաբար պաշտոնական այցերը չեղարկվում են հստակ ժամկետով, իսկ այս դեպքում Կանադա այցը չեղարկվել է անժամկետ: Բացի այդ, Կանադայում հայ համայնքն էր իր վրդովմունքը հայտնել այդ ոչ լեգիտիմ այցի կապակցութամբ, եւ չմոռանանք 2023 թվականի ապրիլի 2-ը, երբ Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին հրահանգեց իրեն «դավաճան» անվանած քաղաքացու ձեռքերը պահել ու թքեց քաղաքացու վրա. տուժածը հենց Կանադայի քաղաքացի էր՝ Կարեն Մկրտչյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր