00:00:00

2 հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում հայ չի մնացել. կայացել է «Հիշատակի և հույսի» երեկո

16:55, 17 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 13-ին, Բրյուսելի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Հիշատակի և հույսի երեկո»։ Միջոցառման ժամանակ հիշատակվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։

Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ պապենական հայրենիքում, հայ չի մնացել։ Հիշատակի երեկոն համախմբել էր բելգիացի քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, կրոնական առաջնորդների և հայ համայնքի անդամների՝ ոգեկոչելու տեղի ունեցած հոգևոր և մշակութային մեծ կորստի տարելիցը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Արցախում վտանգված հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մարդասիրական այն ողբերգությանը, որ շարունակում է ներազդել հայ ժողովրդի վրա: Տարելիցի միջոցառմանն իր ներկայությամբ պատվել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումն ու Արցախի մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգը, ինչը ներառում է շուրջ 5000 հուշարձան։

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի ելույթին հաջորդել է երաժշտական բաժին՝ Լորանս Անահիտ Մխիթարյանի (դաշնամուր), Վարդան Հովհաննիսյանի (դուդուկ) և Մարիա Աբաջան-Շաբերի (օպերա) կատարումներով:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում նշել է. «Արցախի բռնի հայաթափումը վերք է յուրաքանչյուր հայի սրտում և մարդու հիմնարար իրավունքների խախտում, որը չպետք է անտեսվի միջազգային հանրության կողմից: Մենք կշարունակենք անխոնջ աշխատել՝ ապահովելու, որ աշխարհը քաղաքական օրակարգում պահի Լեռնային Ղարաբաղի հարցը, և որ վերականգնվեն նրա ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ հավաքական վերադարձի իրավունքը։ Այսպիսի միջոցառումները կենսական նշանակություն ունեն և՛ մեր կորուստը ոգեկոչելու, և՛ միջազգային հանրությանը տեղեկացնելու Արցախի հայության անօտարելի իրավունքների, ինչպես նաև նրա վտանգված մշակութային ժառանգության և ինքնության պաշտպանությանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր