00:00:00

Ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայից չունենք երաշխավորված դասագիրք. Անդրեասյան

15:08, 13 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Մենք իրականացրել ենք դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթները բոլոր այն ուղղություններով, որոնցով ունենք տպագրության երաշխավորված դասագրքեր. Այդ դասագրքերը տպագրվել են ըստ դպրոցներից հավաքագրված պատվերների քանակի, և եղել են դպրոցներում մինչև ուսումնական տարվա սկիզբը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս իմաստով որևէ ուշացում, որևէ ձգձգում, որևէ հավելյալ դժվարություն կամ խնդիր չենք ունեցել: Բոլոր դասագրքերը տպագրվել են և բաժանվել են դպրոցներին:

10 դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, որոնք նախորդ տարի օգտագործում էինք, և բոլոր դպրոցներին ժամանակին տեղեկացրել էինք, որ այս դասագրքերը նորից բաժանեն երեխաներին, և 1 տարի հավելյալ այս դասագրքերով պարապեն: Խոսքը հիմնականում վերաբերում է օտար լեզուների դասագրքերին, որոնք այժմ գործածվում են դպրոցներում, և վերաբերում է նաև 10-րդ դասարանի «Քիմիայի» և «Կենսաբանության» դասագրքերին, այսինքն՝ այս մասով էլ որևէ խնդիր չկա, քանի որ դպրոցներում կան դասագրքեր»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ նաև 3 առարկաների դասագրքերին, որոնց դեպքում ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով:

«Մենք ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, և որտեղ ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով: Դրանցից 2-ը վերաբերում են նույն առարկային՝ 7-րդ և 8-րդ դասարաններին. դա «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան է, որտեղ իրականում աշխատանքի մեծ մասը պետք է լինի շատ ավելի պրակտիկ և գործնական միջավայրում, և այստեղ առարկան բացատրելու համար դասագրքի առկայությունն ավելի շատ աջակցող է, քան առանցքային»,- ասաց նա:

3 առարկաներից 1-ը, որի դասագիրքը չկա, 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է:

«Քանի որ չունենք երաշխավորված դասագիրք, մենք որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով, որն ուզում ենք գնալ և փորձարկել հատկապես ավագ դասարաններում»,- ասաց նախարարը, ապա պարզաբանեց, որ առարկան «թղթապանակով» դասավանդելու նպատակը 1 դասագրքին կառչած լինելու մոտեցումը փոխելն է:

«Թղթապանակը վերաբերում է ուսումնական նյութերի հավաքածուին, որը կրթական բառապաշարի մեջ կոչվում է «թղթապանակ»: Այդ ուսումնական նյութերի հավաքածուի միջոցով թեմատիկ պլանավորմամբ ուսուցիչները կարող են իրականացնել դասընթացը, մենք էլ կտեսնենք, թե ինչպես է աշխատում այս մեթոդը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վրիպակներին, ապա ԿԳՄՍՆ-ն պատրաստակամ է շտկելու դրանք, նախարարը դա բնականոն աշխատանքի մաս է համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր