Չինաստանի Ցինդաո քաղաք այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին կայանալիք «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին ընդառաջ հանդիպել է Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինին: Հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:
Չինական կողմից պատվիրակության կազմում էին Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինը, Համաչինական կանանց ֆեդերացիայի փոխնախագահ տիկին Հուան Սիաովեյը, Շանդունի նահանգապետ Ճոու Նաիսիանը, Եվրասիական հարցերով ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ինչպես նաև «Շանհայի համագործակցության կազմակերպության» ներկայացուցիչներ, Շանդուն նահանգի և Ցինդաո քաղաքի ժողովրդական կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչի մասին վկայում են ամենաբարձր, այդ թվում՝ երկրի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումներն ու փոխադարձ այցերը: Շեն Յիցինը հատուկ հիշատակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ի այցը, որի ընթացքում տիկին Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան: Շենի խոսքով այդ այցը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում շատ բան է փոխել: Շեն Յիցինը հույս է հայտնել, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» ևս մեկ հարթակ կարող է լինել այդ հարաբերությունները զարգացնելու հարցում: