00:00:00

ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»

09:23, 07 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանականները նախօրեին լսել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հայտնի է, որ վերջին շրջանում ամեն հինգշաբթի այս ֆորմատում ՔՊ-ականները լսում են որեւէ գերատեսչության ղեկավարի հաշվետվությունը` կատարված աշխատանքների եւ սպասվող իրադարձությունների վերաբերյալ։ 

ՔՊ-ի տարածած երկու տողանոց հաղորդագրությամբ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով եւ պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։

ՔՊ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ժամանոց նիստի ընթացքում հնչած տեսակետները լավատեսական տրամադրություններ չեն ձեւավորել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ճիշտ հակառակը՝ հնչել են բազում մտահոգություններ, խոսել են հնարավոր վտանգավոր զարգացումների մասին, որից կուսակցականները ծանր եզրահանգումներ են արել, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն առաջիկայում էլ ավելի սրվելու են։ Միակ լավատեսական տեղեկատվությունը, ըստ մեր աղբյուրի, եղել է այն, որ Արարատ Միրզոյանը, խոսելով սահմանազատման համատեքստում անկլավների թեմայի մասին, ասել է, որ Երեւանի ու Բաքվի միջեւ հնարավոր է համաձայնություն կայացվի՝ անկլավների հարցը լուծել հետեւյալ սկզբունքով. «մեր մոտինը՝ մեզ, իրենցը՝ իրենց»: Այսինքն՝ Տիգրանաշենը կմնա Հայաստանին, Արծվաշենն էլ կմնա Ադրբեջանին: 

Արտգործնախարարի ներկայացմամբ՝ խիստ մտահոգիչ է մեզ համար Ռուսաստանի՝ վերջին ժամանակների աննախադեպ ակտիվությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման եւ հատկապես ճանապարհների ապաշրջափակման հարցում էական դերակատարում ստանձնելու առումով։ Խոսքը ճանապարհների վերահսկողության մասին է․ Միրզոյանն ասել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ ՌԴ ցանկություններն իրականություն չդառնան, սակայն միեւնույն ժամանակ խոսել է Հայաստան-Արեւմուտք այլեւս անքակտելի դարձած հարաբերությունների մասին։ Արտգործնախարարն ակնարկել է, որ այլեւս չկա Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, թե ինչու` պատճառների մասին չի խոսվել, ավելին` մտահոգություններ է հայտնել ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների արդյունքների հետ կապված․ եթե Պուտինի ընկեր Թրամփը գա իշխանության, Հայաստանը կհայտնվի ոչ այնքան նախանձելի վիճակում։

Հարց է հնչել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք միջազգային համաժողովին` COP-29-ին, Հայաստանի մասնակցության մասին՝ լինելո՞ւ է արդյոք մասնակցություն եւ ո՞ր պաշտոնյայի մակարդակով։ Սակայն Արարատ Միրզոյանն ասել է, որ դեռ որոշում չեն կայացրել, ընդգծել է, որ այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը չպետք է ինքնանպատակ լինի, ավելին` եթե մասնակցելու են, ապա դրա դիմաց պետք է ստանան մի բան՝ եթե ոչ փաստաթղթի ստորագրում, ապա գերիների վերադարձի տեսքով։  
ՔՊ-ականները հետաքրքրվել են նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ խաղաղության պայմանագրում չհամաձայնեցված կետեր կան: Հիշեցնենք․ Փաշինյանն ասել էր, որ 17 կետից 13-ը համաձայնեցված է, Միրզոյանն այս հարցը եւս լղոզել է, որից այդպես էլ չի հասկացվել՝ որ կետերի շուրջ կա համաձայնություն, որոնց հետ կապված՝ ոչ։

Սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգին եւս հպանցիկ անդրադարձ է կատարվել, ասվել է, որ դեռ չեն որոշել, թե սահմանազատվող հաջորդ տարածքը որն է լինելու, Միրզոյանի խոսքով՝ պաշտոնական Երեւանի համար առանձնապես տարբերություն չկա, թե որ հատվածներից կսկսեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր