Մոսկվան կրկին գովաբանել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությանը և քննադատել գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ուշագրավ է, որ պաշտոնական Մոսկվայից «Վրացական երազանք»-ին գովաբանող հայտարարությունները վերջերս հաճախակի բնույթ են ստացել: Գրում է Aliq.ge-ն։
Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Վրաստանում իշխող թիմի կողմից նախաձեռնված ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի մասին և ասել, որ «օրենքը բխում է վրացական հասարակության շահերից»։ Նա նաև անդրադարձել է «գործակալների օրենք»-ին և ասել, թե վրաստանյան օրենքը «մեղմ է Ֆրանսիայի, Լեհաստանի և ԱՄՆ-ի օրենքների համեմատ»։
«Այն, ինչ անում է Վրաստանի կառավարությունը, գիտակցելն ու հասկանալն է իր ազգային ինքնությունը, որ վրաց ժողովուրդն ունի ուղղափառության, ազգային մշակույթի նույն արժեքները, որոնք կջնջվեն և կհարմարեցվեն Արևմուտքի «կանոններով», որոնք պարտադրված է բոլորին, առաջին հերթին՝ լիբերալ ժողովրդավարության կամ, եթե կուզեք, ժողովրդավարական լիբերալիզմի արժեքների համատեքստում»,- ասել է Լավրովը: