00:00:00

Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Կանադա. ու՞մ են նպատակահարմար գտել ընդգրկել պատվիրակության կազմում. «Ժողովուրդ»

09:05, 06 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ընդդիմադիր պատգամավորները զրկված են միջազգային հարթակներում եւ պատվիրակությունների կազմում ընդգրկված լինելու եւ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Կանադա՝ Օտտավա։ Պատվիրակության կազմում Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ընդգրկել է բացառապես իշխանության ներկայացուցիչներին, իրենից բացի՝ ընտրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հայտնի է իր խուլիգանական վարքագծով, եւ մամուլն այդ մասին բազմիցս գրել է:

Պատվիրակության կազմում են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, որը հայտնի է իր քաղաքացիական կնոջ հանդեպ բռնություն գործադրելու ամոթալի պատմությամբ, Արման Եղոյանը, որը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ եւ բազմաթիվ սկանդալների ու կռիվների մեջ է հայտնվել մինչ այս, եւ, վերջապես, Հասմիկ Հակոբյանը, ով Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերուհին, որի բարեկամներն ու ծանոթները ԱԺ-ում են աշխատում կոռուպցիոն միջամտության արդյունքում:

Եվ ահա, նրանք գնում են օրինակելի, ժողովրդավարական երկիր Կանադա՝ ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովը: Մինչդեռ ԱԺ-ն հավաքական մարմին է, որտեղ կան նաեւ 2 ընդդիմադիր խմբակցություններ: Եվ հատկապես խորհրդարանական կառավարման երկրներում, ԱԺ-ի գործունեության շրջանակներում ընդդիմության ներկայացվածությունը պարտադիր է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին՝ պարզելու՝ ինչու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միանձնյա որոշմամբ կազմված Կանադա մեկնող պատվիրակության կազմում ընդդիմությունը չունի ներկայացվածություն:

«ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել պատվիրակության կազմում ընդգրկել այն պատգամավորներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստան-Կանադա բարեկամական խմբում եւ նպաստել են երկու երկրների բարեկամական կապերի զարգացմանը»,- պատասխանեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:

Այսինքն՝ ԱԺ նախագահն է գնահատում, թե ով է Կանադայի բարեկամը, մինչդեռ Հայաստան-Կանադա բարեկամական 21 հոգանոց խմբի ղեկավարը Իշխան Սաղաթելյանն է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից, ով չի ներգրավվել պատվիրակության կազմում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 06․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր