Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է 554 մարդ, ապա այս տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ը կարմրուկի արդեն 547 հաստատված դեպք կա մեր երկրում:
Առողջապահության նախարարությունը շարունակում է տարբեր, այդ թվում` տեղեկատվական միջոցառումներ իրականացնել բնակչության շրջանում կարմրուկի դեմ պատվաստումների քանակը ավելացնելու նպատակով, արդյունքում` չպատվաստվածների թիվը նվազել է 1,8 անգամ, թերի պատվաստվածներինը` շուրջ 2,9 անգամ:
Ավելացել է նաև կապույտ հազով պայմանավորված հիվանդացության դեպքերը:
2023 թվականին արձանագրվել է կապույտ հազի 50, 2024 թվականին` 98 դեպք:
Մասնագետները հիշեցնում են` և՛ կարմրուկի, և՛ կապույտ հազի բարդություններից խուսափելու արդյունավետ միջոցը պատվաստվելն է»,- ասված է հաղորդագրության մեջ: