00:00:00

Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ մեր զորակցությունն ենք հայտնում եզդի ժողովրդին. Արայիկ Հարությունյան

15:55, 03 օգոստոս 2024 Հասարակություն

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«10 տարի առաջ այս օրը ցեղասպանության ենթարկվեց Իրաքի Սինջարի շրջանի եզդի բնակչությունը: Սպանվեցին հազարավոր եզդիներ, առևանգվեցին և բռնությունների ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, հարյուր հազարավորները ստիպված եղան լքել հայրենի տները և բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած այս ոճրագործությունը ցեղասպանություն էր, որը տեղի ունեցավ միջազգային հանրության աչքի առջև, և որի ընթացքում թիրախավորվեցին ոչ միայն մարդկային համայնքները, այլ նաև վերջիններիս ինքնության մաս կազմող պատմամշակութային ժառանգությունը՝ ոչնչացվեցին և հողին հավասարեցվեցին այդ համայնքների քաղաքակրթական ներկայության մասին վկայող սրբավայրերն ու հուշարձանները: Հայաստանը մշտապես բարձրաձայնել է այս ծանր հանցանքների մասին, և աշխարհում առաջին երկրներից էր, որ դատապարտեց եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունները՝ դրանք ճանաչելով որպես ցեղասպանություն:

Զանգվածային վայրագությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցանքների կանխարգելումը կարևոր հանձնառություն է Հայաստանի համար` բարոյական մի պարտավորություն, որ բխում է մեր սեփական պատմությունից և հայ ժողովրդի վերապրած փորձառությունից:

Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու այս ուղղությամբ հետևողական ջանքերը: Դրանց դրսևորումներից են, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնվող բանաձևերը, որոնցից վերջինը՝ «Ցեղասպանության կանխարգելում» վերտառությամբ, այս տարվա ապրիլին միաձայն ընդունվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Այս բանաձևերը գործողության կոչեր են, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդմանը, որպեսզի նման հանցանքներն այլևս չկրկնվեն:

Պատահական չէ, որ այս տարվա ապրիլին Հայաստանն Իրաքից հետո դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը որոշում կայացրեց օգոստոսի 3-ը պաշտոնապես հռչակել որպես եզդիների ցեղասպանության հիշատակի օր: Երևանի սրտում տեղակայված է Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողը: Այս ամենն արտացոլում է մեր խոր հարգանքն ու կարեկցանքը բարեկամ եզդի ժողովրդի հանդեպ, որի զավակները Հայաստանի Հանրապետության նվիրյալ քաղաքացիներ են՝ իրենց ջանքերով մեծապես նպաստելով Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:

Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ մեր զորակցությունն ենք հայտնում մեր երկրի եզդի քաղաքացիներին և աշխարհասփյուռ եզդի ժողովրդին:

Սինջարի եզդի բնակչության ցեղասպանությունը դատապարտելով և անմեղ զոհերի հիշատակը վառ պահելով՝ մենք մեր համերաշխության և հանդուրժողականության ուղերձն ենք հղում մեր եզդի համայնքին և, իրապես, միջազգային ողջ հանրությանը, որպեսզի աշխարհում ոչ մի ժողովուրդ այլևս իր կրոնի, լեզվի, մշակույթի կամ ինքնության համար չբնաջնջվի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր