00:00:00

Աշնանը դիրքավորումը ճիշտ ընտրելու ժամանակն է, դրանից կախված կլինի մեր պետության գոյության հեռանկարը. Դավիթ Անանյան

13:36, 02 օգոստոս 2024 Հասարակություն

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Գարեգին Նժդեհի՝ այս անգամ անհատի և պետության միջև փոխհարաբերությունների ու ճիշտ դիրքավորումների վերաբերյալ մարգարեական մտքերը խորհելու և եզրակացություններ անելու հերթական հնարավորությունն են ընձեռում յուրաքանչյուրիս։ 

«Առանձին անհատի ընկերային դիրքավորումը, նրա վերաբերմունքը դեպի իր պետությունը․ ահա թե ինչով է պայմանավորվում այդ վերջինի ճակատագիրը։

Հնարավոր են հետևյալ դիրքավորումները․

– Նախ՝ անհատը սիրում է իր պետությունը և այդ դեպքում անձնվիրաբար գործում, զոհաբերում, տառապում է նրա համար, որով և նպաստում է նրա հզորացմանը և պաշտպանմանը։

– Նա խորթանում է իր պետությունից, դառնում անտարբեր դեպի նրա ճակատագիրը, որով վերջինը դառնում է տկար և դյուրակործան։

– Վերջապես, նա՝ անհատը, թշնամանում է իր պետության հանդեպ և աշխատում է ի կորուստ նրա։»։

Նժդեհյան այս մտքերի վերլուծությունը, ըստ էության, բացահայտում է ինչպես անհատի և պետության հարաբերությունների, այնպես էլ դրանց՝ պետության ընդհանուր ճակատագրի վրա ազդեցության հեռանկարները:

Առաջին դիրքավորումը՝ սերը դեպի սեփական պետությունն ու ի շահ նրա գործելու պատրաստակամությունը, վկայում է հայրենասիրության բարձր մակարդակի և պետության բարօրության նկատմամբ անձնական հետաքրքրության մասին: Անհատները, ովքեր ամուր կապվածություն և սեր ունեն իրենց պետության հանդեպ, ունակ են զոհաբերության պատրաստակամություն դրսևորել և ակտիվորեն մասնակցել հասարակության կյանքին, ինչը նպաստում է ազգային անվտանգության, տնտեսական կայունության և սոցիալական համերաշխության վերականգնմանն ու ամրապնդմանը: Այս տեսակի ներգրավվածության և հավատարմության դրսևորումը կարող է դառնալ սոցիալական և քաղաքական փոխակերպումների և նորարարության շարժիչ ուժ՝ նպաստելով պետության վերածննդին, կայացմանը, զարգացմանն ու բարգավաճմանը։

Երկրորդ դիրքավորումը՝ անտարբերության և պետությունից էմոցիոնալ հեռավորություն պահպանելը, ակնհայտորեն հանգեցնում է հանրային-սոցիալական համախմբվածության թուլացման և քաղաքացիական ներգրավվածության քայքայման: Քաղաքացիների անտարբերությունը իրենց պետության ճակատագրի նկատմամբ նվազեցնում է հանրային մասնակցության և երկրի զարգացման գործում անձնական ավանդի ներդրման մակարդակը՝ պետությանը զրկելով արժեքավոր ռեսուրսից՝ ի դեմս իր կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցության։ Երկարաժամկետ հեռանկարում դա անխուսափելիորեն հանգեցնում է պետության դիմադրողականության անկման, հետևաբար՝ կործանման։

Երրորդ դիրքավորումը՝ պետության նկատմամբ թշնամանքը և նրան վնասելու գործողություններ կատարելը, սկզբունքորեն տարբերվում է առաջին երկուսից նրանով, որ այն ներառում է ակտիվ գործողություններ՝ ընդդեմ պետության շահերի։ Թշնամությունը սեփական պետության նկատմամբ կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ներառյալ՝ դժգոհությունը իշխանություններից կամ սոցիալական ու տնտեսական պայմաններից: Պետությանը վնասելուն ուղղված գործողությունները կարող են հանգեցնել հասարակական կարգի տապալման, տնտեսական կոլապսի և ազգային անվտանգության սպառնալիքի, հետևաբար՝ պետության կործանման։

Վերոհիշյալ դիրքավորումների վերլուծությունն ակնհայտորեն ընդգծում է, թե որքան կարևոր է անհատի և պետության փոխազդեցությունը՝ վերջինիս ճակատագրի համար։ Հայրենասիրությունը և ակտիվ մասնակցությունը երկրի կյանքին կարող են նպաստել նրա հզորացմանն ու զարգացմանը, իսկ շահագրգռվածության պակասը և թշնամանքը կարող են առաջացնել սոցիալական և քաղաքական ճգնաժամ ու արհավիրք։ 

Հետևությունը մեկն է․ մոտենում է աշունը, մոտենում են յուրաքանչյուրիս դիրքավորման ճիշտ ընտրության ժամանակները, որոնցից էլ կախված են լինելու մեր այս պետության գոյության հանգամանքն ու հեռանկարը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր