ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից հետո վերաշարադրել է հանրապետականների հավաքի համար պատրաստված իր ելույթը, շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայության գործակալներին։
The Washington Examiner-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ իր ելույթը կենտրոնացած էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության վրա, սակայն այժմ դա լինելու է «բոլորովին այլ ելույթ» և կենտրոնանալու է երկրի միասնության վրա։
The New York Post-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահը նաև նշել է, որ գնահատում է նախագահ Ջո Բայդենից ստացված հեռախոսազանգը՝ դա անվանելով «շատ հաճելի»։ Բայդենը Թրամփի հետ խոսել էր մահափորձից հետո և դատապարտել հարձակումը։
ԱՄՆ նախկին նախագահը գովաբանել է Գաղտնի ծառայության գործակալներին իրեն պաշտպանելու համար։
«Ես չպետք է այստեղ լինեի, ես պետք է մեռած լինեի։ Բախտի կամ Աստծո շնորհիվ, շատերն ասում են, որ Աստծո շնորհիվ, ես դեռ այստեղ եմ», – ասել է Թրամփը The New York Post-ին։
Թրամփի աջ ականջը վիրակապված է եղել, նա լրագրողին նաև ցույց է տվել իր աջ նախաբազկի կապտուկները, որոնք առաջացել են, երբ գործակալները շտապել են իրեն իջեցնել բեմից։
Դոնալդ Թրամփը նաև խոսել է խորհրդանշական նկարի մասին, երբ նա, արնահոսող ականջով և շրջապատված գաղտնի գործակալներով, պարզում է բռունցքը և բացականչում. «Պայքարեք»։
«Շատերն ասում են, որ դա իրենց տեսած ամենախորհրդանշական լուսանկարն է։ Նրանք իրավացի են, և ես չեմ մահացել։ Սովորաբար խորհրդանշական լուսանկար ունենալու համար պետք է մեռնես», – ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ պարզել է բռունցքը, որպեսզի մարդիկ իմանան, որ ամեն ինչ լավ է։
Թրամփի դեմ մահափորձից հետո Գաղտնի գործակալությանը բազմաթիվ հարցեր են ուղղվել, թե ինչպես է դիպուկահարը կարողացել բարձրանալ տանիք Թրամփի կանգնած տեղից 150 մ հեռավորության վրա։
Ականատեսներից մեկը KDKA լրատվամիջոցին հայտնել է, որ ոստիկաններին ասել է՝ ինքը տեսել է «տանիքից տանիք անցնող» զինված անձի։
«Ես սպային ասացի, որ (ենթադրյալ հրաձիգը) տանիքին է։ Երբ շրջվեցի, որ վերադառնամ իմ տեղը, կրակոցներ սկսվեցին, իսկ հետո քաոս էր», – ասել է ականատեսը։
Իշխանությունները հայտնել են, որ հրաձիգը, որը սպանվել է գործակալների կողմից դեպքի վայրում, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։ Նշվում է, որ Քրուքսը գործում էր մենակ։