Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ կարեւորել պարոն Չիկովանիի այցը: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ:
Վարչապետը արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:
Իրակլի Չիկովանին իր խոսքում կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: