Shamshyan-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից հերթական մի ամբողջ «արսենալն» է հայտնաբերվել քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում։Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչներից մեկը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, այնտեղից իր հետ մեծ քանակի զենք և զինամթերք է տեղափոխել Հայաստան։ Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նշված քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ Արմավիր քաղաքի կահույքի նախկին արտադրամասի տարածքում պարկերով զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր են մեկնել մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Հ․ Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վ․ Գևորգյանը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Խ․ Մկրտումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Որոնողական աշխատանքների արդյունքում արտադրամասի պարսպի մոտ՝ ոչ տեսանելի վայրում, հայտնաբերվել են կասկածելի պարկեր։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ պարկերում առկա են 1 հատ ինքնաձիգ, 2 հատ 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, գազային ատրճանակ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 1 հատ «Մաուզեր 98» տեսակի զարկանաձգանային մեխանիզմ, 1 հատ մեկփողանի գործարանային համարի որսորդական հրացան, 3 հատ երկփողանի որսորդական հրացաններ, 1 հատ օդաճնշիչ հրացան, 2 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, որից մեկը պայթուցիչով, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ սվին դանակ, 6 հատ տարբեր տեսակի և տրամաչափի հրետանային մարտագլխիկներ, 7 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի պահունակ, 1 հատ գնդացիրի և 1284 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։