Միացյալ Թագավորության պաշտպանության նոր նախարար Ջոն Հիլին հայտնվել է հրթիռակոծության տակ հուլիսի 7-ին Ուկրաինա կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ: Այս մասին հաղորդել է The Daily Mirror պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ Հիլիի բանակցությունների ժամանակ Օդեսայում հայտարարվել է օդային տագնապ, ինչի հետևանքով հանդիպման մասնակիցներն ստիպված են եղել պատսպարվել շենքերից մեկի նկուղային հարկաբաժնում։ Թերթը պարզաբանում է, որ հավաքվածներին հաջողվել է ապաստարանից հեռանալ մոտ 35 րոպե անց, երբ տրվել է օդային տագնապի ավարտի ազդանշան։
Հիլին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում է նշանակվել հուլիսի 5-ին՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո։ Արդեն հուլիսի 7-ին նա ժամանել է Օդեսա, որտեղ հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային կմատակարարի Brimstone բարձր ճշգրտության 90 հրթիռ, 10 AS-90 ինքնագնաց հրետանային կայանք և քառորդ միլիոն զինամթերք: