Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավելուն։
Հիշեցնենք, որ դիմակավորված անձինք նախօրեին կոտրել էին Արցախի ներկայացուցչության դռներն ու տարել Արցախի նախագահի մեքենան։
«Խորհրդանշական է, որ այս խիստ դատապարտելի պահվածքին զուգահեռ իշխանությունները նույն օրը հայտարարել են Պաղեստինի Պետության ճանաչման մասին: Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պարարտ հող ստեղծելով ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի ու Արցախի հայաթափման համար, իսկ հիմա էլ թիրախավորում են Արցախի խիստ խոցելի պետական ինստիտուտներին:
Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը՝ զուգահեռաբար հանցավոր կերպով փակելով Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի հնարավորություններն ու միջազգային օրակարգը»,- գրել է Բեգլարյանը։