00:00:00

«Մերժում ենք այս կեղծ ու սադրիչ հայտարարությունները». Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է արցախահայերի իրավունքների մասին Բորելի հայտարարությանը

16:27, 21 հունիս 2024 Լեռնային Ղարաբաղ

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Արցախի հայերի իրավունքների երաշխավորման մասին հայտարարությանը՝ կոչ անելով Եվրամիությանը զերծ մնալ «կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ «ցավոք, այս պատասխանը ԵՄ բարձր ներկայացուցչի հերթական փորձն է՝ հանգստացնել հայերին, ինչպես նաև առաջ քաշել այնպիսի պնդումներ, որոնք չունեն ո՛չ բարոյական, ո՛չ փաստացի հիմնավորում»։

«Մենք մերժում ենք այս կեղծ ու սադրիչ հայտարարությունները։ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո, որպես մարդասիրական ժեստ և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարում, ազատ է արձակել և հայրենադարձել ռազմագերու կարգավիճակ ունեցող կամ ձերբակալված ավելի քան 200 հայերի»,- ասել է նա։

Չնայած հայկական կողմից ներկայացված ապացույցներին՝ Հաջիզադեն նաև հավելել է,  թե Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ, իրենք «վարվել են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների պահանջներին համապատասխան և չեն ենթարկել խոշտանգումների, չարաշահումների կամ անմարդկային վերաբերմունքի, յուրաքանչյուրը ստացել է բժշկական օգնություն, ԿԽՄԿ-ն պարբերաբար հանդիպումներ է ունեցել այդ անձանց հետ ու կապ հաստատել նրանց ընտանիքների հետ»։

Խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ու ներկա ղեկավարների կալանավորումներից ու նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերից, Հաջիզադեն նշել է, թե Բաքուն նաև հրաժարվում է ճանաչել էթնիկ զտման ու բռնի տեղահանման ենթարկած Արցախի հայության՝ իրենց հայրենիք վերադարձի օրինական իրավունքը։ «Ինչ վերաբերում է Հայաստան և այլ երկրներ գաղթած հայերի իրավունքների ապահովման մասին մեկնաբանություններին, հարկ է հիշեցնել, որ չնայած վերաինտեգրման Ադրբեջանի կոչին, ծրագրին և այդ ուղղությամբ արված քայլերին՝ տեղի հայերը որոշեցին լքել մեր երկիրը և չվերադառնալ։ Այս վճռական պահին Ադրբեջանն ակնկալում է, որ ԵՄ-ն զերծ կմնա կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»,- ասել է Հաջիզադեն։

Նշենք, որ Բորելը ԵԽ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նշել էր, որ Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր