Գրիգորյանը և «Ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ հայրենիքում
«Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է:
Խաչատուր Գրիգորյանի Հայաստանում զրոյից հիմնադրած «ջիջի» ընկերությունը առաջատար դիրքեր ունի հայկական շուկայում, ինչպես նաև գործունեություն է ծավալել արտասահմանում (ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան)՝ ազգային բրենդը հասցնելով միջազգային մասշտաբների և լայնորեն տարածելով հայկականի ճանաչելիությունը։
«ջիջի»-ն մեր երկրում ապահովել է զբաղվածությամբ հազարավոր մարդկանց մտնելով ՀՀ խոշոր հարկատուների ցանկի մեջ, իսկ Խաչատուրին բոլորը ճանաչում են որպես համեստ ապրելակերպ ունեցող և քրտնաջան աշխատող մարդ:
Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:
«ջիջի»-ն կանգնած է նաև Արցախի հայության կողքին: Արցախի լիարժեք շրջափակման բոլոր օրերին Խաչատուր Գրիգորյանը եղել է Արցախում դժվարագույն պայմաններում շարունակելով աշխատել, իսկ անցնող ամիսներին Արցախից տեղահանված շատ հայերի համար հենց «ջիջի»- ն է ապահովել աշխատանք և օժանդակություն:
«ջիջի» ընկերությունը, չնայած հարուցված ապօրինի խոչընդոտներին, իրականացրել է անհրաժեշտ գործողությունները և շարունակում է բնականոն աշխատանքը սպասարկելով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին:
Խաչատուր Գրիգորյանը և «ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում` Մեծ Հայքում՝ մշտապես հավատարիմ մնալով այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք դարձել են բրենդի անբաժանելի մասը։
Սիրով՝ ջիջիԹիմ»: