Դպրոցական վերջին զանգն ազդարարում է նաև ամառային էքսկուրսիաների ու բացօթյա խնջույքների մեկնարկը, ուստի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել այդ նպատակով ձեռք բերվող սննդամթերքին ներկայացվող մի քանի պարզ պահանջների մասին: Այս մաին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Ամենամյա այս հիշեցումների համար հիմք է հանդիսանում նախորդ տարիներին դպրոցական էքսկուրսիաների ընթացքում արձանագրված թունավորման դեպքերի վերլուծությունը, երբ էքսկուրսիայի մեկնողները իրացման ցանցերից գնում են սննդամթերք և հետագայում, ոչ պատշաճ հիգիենայի և ջերմաստիճանի պապհպանման արդյունքում, սննդամթերքը դարձնում են վտանգավոր:
Եվ այսպես՝ սննդամթերք գնելիս համոզվեք, որ այն թարմ է՝
- պահպանվում էր մակնշմանը համապատասխանող ջերմային ռեժիմում,
- նայեք պիտանիության ժամկետներին,
- մի գնեք սննդամթերք փողոցից,
- մի գնեք սննդամթերք, որը չունի մակնշում,
- միս գնելիս պահանջեք անասնաբուժական ձև N5 վկայականը։
Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես արագ փչացող սննդամթերքին, որը ենթակա չէ պահման առանց սառնարանային պայմանների:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի շարքին են դասվում՝ միս-մսամթերքը, այդ թվում՝ թռչնի ու ճագարի, ձուկ-ձկնեղենը, ծովամթերքը, կաթ-կաթնամթերքը և դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներն ու խոհարարական արտադրանքը, ալրային և կրեմային հրուշակեղենը, քաղցրավենիքը, ըմպելիքները, արագ սառեցրած մթերքը (աղցաններ, ուտեստներ, ճաշատեսակներ), ձավարեղենային և բանջարեղենային կիսապատրաստվածքները:
Արագ փչացող սննդամթերքի պահման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ մթերքի փչացմանը նպաստող մանրէներ, ինչպես նաև մանրէային ծագման սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ:
Հետևեք նաև տեղում՝ բնության գրկում, պատրաստվող սննդամթերքի հիգիենայի պահանջներին, պատրաստման ջերմաստիճաններին և տևողությանը։ Նախքան երեխաներին միրգ-բանջարեղեն մատուցելը՝ պաշտաճ լվացեք դրանք, խուսափեք խաչաձև աղտոտումից՝ բացառեք հում սննդամթերքի և պատրաստի սննդամթերքի շփումը։
Ներկայումս էքսկուրսաների կազմակերպման մշակույթ է դարձել նաև այլ՝ հանրային սննդի ծառայություն մատուցող, կազմակերպությունների դիմելը, ուստի անհրաժեշտ է ուշադիր լինել, որ՝
- հանրային սննդի ծառայություն մատուցող այն կազմակերպությունը, որին դիմում եք, ապահովի օրենսդրությամբ սահմանված անվտանգության նորմերն ու կանոնները՝
- սննդի կառույցը լինի պատշաճ մաքուր, հագեցած լինի համապատասխան սարքավորումներով և գույքով,
- աշխատակիցները պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, կրեն մաքուր արտահագուստ,
- հնարավորության դեպքում հավաստիացեք, որ մատուցվող սննդամթերքը պիտանիության ժամկետի մեջ է, իսկ օգտագործվող հումքը՝ անվտանգ։
- Մի օգտվեք ֆիզիկական անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված սննդամթերքից, որովհետև ոչ արտադրական պայմաններում պատրաստված և մատուցվող սննդամթերքն անվտանգ չէ և հնարավոր խախտումների դեպքում Տեսչական մարմինը հնարավորություն չի ունենում իրականացնել հետագծելի ստուգումներ։