Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով․
«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ․
Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձը: Սա մի հոբելյան է, որ մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին ու յուրաքանչյուրին:
Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ նրանք, ովքեր երաժշտության սիրահար չեն, գիտեն Շառլ Ազնավուրին` որպես մեծ հայի, որպես մարդու, ով իր ներկայությունն ապահովել է մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Նա Հայաստանի Ազգային հերոս է` Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար, բայց նա նաև համամարդկային հերոս է, ով իր արվեստի շուրջ համախմբել է մարդկությանը` սիրված լինելով աշխարհի բոլոր անկյուններում:
Շառլ Ազնավուրն ինքն է իրեն ստեղծել` լինելով աննկարագրելի աշխատասիրության տեր մարդ, ով կարողացել է իր տաղանդը զարգացնելով դարձնել համամարդկային արժեք, ստեղծել երաժշտական մի ձեռագիր, որն անկրկնելի է: Կես դարից ավելի լինել և մնալ համաշխարհային արվեստի երկնակամարում, պահանջված լինել բոլոր առաջատար բեմերում կարող էր միայն այն մարդը, ով ասելիք ունի աշխարհին, և Շառլ Ազնավուրն այդ ասելիքն ասաց լիարժեք և անմնացորդ, և այդ ասելիքն առաջին հերթին սիրո մասին է:
Այդ ասելիքը դեռ երկար կապրի, այդ ասելիքը դեռ կոգեշնչի միլիոնավոր երկրպագուների և այդ ասելիքը պետք է ոգեշնչի մեզ, որովհետև Շառլ Ազնավուրը փառքի և համաշխարհային հարգանքի վայելքների մեջ տառապում էր Հայաստանի Հանրապետության ցավերով, ուրախանում և ցնծում ձեռքբերումներով: Լինելով Հայաստանի Ազգային հերոս, համաշխարհային մեծության արվեստագետ` նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունեց, նաև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պետական պաշտոն ստանձնեց, և պաշտոնավարեց մինչև կյանքի վերջը, այսպիսով, թերևս խորհրդանշելով իր գաղթական տոհմի ապաստանելը պետության՝ Հայաստանի Հանրապետության տանիքի ներքո:
Այսօր Շառլ Ազնավուրի ընտանիքը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և սա առավել քան խորհրդանշական է: Երևանի փողոցներում զբոսանքի դուրս եկած նրա թոռնիկը` փոքրիկ Միսակն ինձ համար դարակազմիկ խորհրդանիշն է այն բանի, որ հայ ժողովրդի հայրենիքի փնտրտուքն, ահա, ավարտված է, որովհետև այդ հայրենիքը գտնված է` ի դեմս Հայաստանի Հանրապետության: Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձն է: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:»։