«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու առաջարկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ստացել, լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ի օրակարգում նման հարց չկա։
«Առաջարկ չի եղել։ Երկրորդը՝ այն օրակարգը, որն ասացիք, բնականաբար, որևէ քննարկման չի կարող դրվել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորել են իշխանություն, խորհրդարան, և խորհրդարանը ձևավորել է կառավարություն, կառավարությունը ունի ղեկավար և Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական լեգիտիմ ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով։ Հաջորդ ընտրությունները 2026 թվականին են։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խմբակցությունը որևէ պարագայում չեն պատրաստվում այդ հարցը քննարկել»,- նշեց Խանդանյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Բագրատ Սրբազանի շարժման հետ կապված հարցը, Խանդանյանը պատասխանեց, թե վարչապետի հետ հաճախ են լինում հանդիպումներ, բայց այդ հարցով քննարկում չի եղել։