Շուրջ 200 ուսանողներ՝ Երևանից Ծաղկաձոր են մեկնում։ Նրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ Արցախից են տեղահանվել, հիմա բնակվում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Ծաղկաձորում տեղակայվում են Մուլտի ռեստ հաուսում, մեկնարկում է «Հայաստան– Արցախ» համահայկական եռօրյա ֆորումը։ Ավելի քան երկու ամիս է ընթացել են նախապատրաստական աշխատանքներն, ասում է համահայկական ֆորումի կազմակերպիչ Լիաննա Մանուկյանը։ Մեկ առ մեկ ուսումնասիրել են բոլոր հայտերը, արել հնարավոր ամեն ինչ, որ մասնակիցներն իրենց հարմարավետ զգան։
Իրինա Հայրապետյանը Ստեփանակերտից է։ Մասնագիտությամբ լրագրող է։ Արցախից սրտի ցավով է բաժանվել։ Բառերն անգամ չեն բավարարի նկարագրել այն իրավիճակը, որն ապրել են տեղահանումից առաջ։ Ծնվել, մեծացել է Արցախում, Հայաստանում իրեն լավ են ընդունել, չի սիրում երբ հարցնում են, ինչպես եք ինտեգրվել, ուղղում է Հայաստանն ևս իրենց տունն է։ Ֆորումին մասնակցում է մեծ ուրախությամբ։ Բացի այն, որ կկարողանան նոր ընկերներ ձեռք բերել, հնարավորություն կունենան հանդիպելու բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին ճիշտ գնահատականներ են տալիս։
Հակոբ Սարգսյանն էլ Գանձասարից է։ Հայկական Արցախի էջը չեն փակել, չնայած հիմա իրադարձությունների բերումով Հայաստանում են ապրում, բայց կապն ամուր են պահում ծննդավայր Արցախի հետ։ Ասում է ընկերների հետ հանդիպումները, նմանատիպ ֆորումները մեծապես նպաստում են, որ Արցախը մոռացության չմատնվի։
«Հայաստան– Արցախ» համահայկական ֆորումն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ։ Շուրջ երկու ամիս է Ծառուկյանն անձամբ է հետևել կազմակերպչական հարցերին, ասում է Լիաննա Մանուկյանը, շարունակելով մեծ գաղափար են կյանքի կոչում։
Այսօր ֆորումի առաջին օրն էր, որի ընթացքում մասնակիցները հանդիպում են ունեցել Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, Արցախի հոգեբանների միության նախագահ Վիտյա Յարամիշյանին։ Հարազատ մարդու ներկայությունն ավելի ոգևորեց մասնակիցներին։
Վաղն արդեն մասնակիցների ցանկությամբ հանդիպումներ կլինեն Արցախի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Հրավիրված են նաեր սիրված ու ճանաչված դերասաններ, սպորտսմեններ, հասարակական ու քաղաքական գործիչներ։ Ու չնայած եռօրյա ֆորումի առաջին օրն է, մասնակիցներն ու կազմակերպիչներն արդեն վստահորեն նշում էին, այն հաջողված էր։
Մանրամասները՝ տեսանյութում։