«Հրապարակը» գրում է. Այս մեկն իր գրոշանոց աշխատավարձն է պաշտպանում` վախենալով, որ եթե վարչապետ փոխվի, կադրային փոփոխությունների ալիքը մի օր էլ իրեն կհասնի, իսկ ինքը ոչ մի բանի պիտանի չէ` կարող է գործազուրկ դառնալ եւ մի փոսում կյանքն ավարտել:
Մյուսը` արդեն քանի տարի պետական գրանտներ է կպցնում, եւ այդ 5-10 միլիոն դրամն իր կարիերայի գագաթնակետն է, ուստի ողջ օրը զբաղված է իշխանությանն արդարացնելով եւ նրա անհեթեթ փաստարկներն այնքան է կրկնել, որ ինքն էլ է սկսել դրանց հավատալ: Այս երրորդը, որ ժամանակին անգամ նախարար է եղել, գոհ է, որ մի պարապ հանձնաժողովում իրեն տեղ են տվել եւ, հայկական չափանիշներով` բարձր աշխատավարձ:
Նրա ինքնասիրությունը շոյում է նաեւ այն, որ հավատարմորեն ծառայում է Նիկոլ Փաշինյանին, չէ՞ որ ինքն այն քչերից է, որ ըմբռնումով է մոտենում մեր երկրի վիճակին, եւ իրեն պարբերաբար հրավիրում են Հանրային հեռուստաընկերություն:
Այս մյուսը ժամանակին Վանոյի ու Տեր-Պետրոսյանի մոտ է աշխատել, անկախ եւ սեփական կարծիք ունեցող մարդու իմիջ ուներ, բայց իր կարծիքը, ինչպես հին սովետական անեկդոտում էին ասում, տվել է կոլխոզի նախագահին` Նիկոլ Փաշինյանին, եւ որոշել է այլեւս չմտածել: Մտածելը հոգսաշատ գործ է, չմտածելը, «կոլխոզի նախագահի» ասածները կրկնելը` եկամտաբեր, ինչի՞ն է պետք անկախությունը: Սա գրող է` ոչ բարով:
Սա` արվեստի գործիչ, մյուսը` բանասեր, նա` բժիշկ: Բոլորն էլ իրենց հոգու խորքում հասկանում են, որ վատ, տապալված իշխանություն ունենք, որը վաղուց պետք է հեռացած լիներ, բայց իրենք լռել են Ռոբերտի ժամանակ, լռել են Սերժի ժամանակ, ինչո՞ւ չպետք է լռեն Նիկոլի թվին: Չէ՞ որ իրենք փոքր մարդիկ են, իրենցից եւ իրենց խոսքից ոչինչ կախված չէ` այ, երբ նժարը թեքվի, իրենք կասեն իրենց «տղամարդկային» խոսքը:»: