00:00:00

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

15:53, 10 մայիս 2024 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի պետության և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային հարաբերությունների ամրապնդմանը, այլև ոգևորում է Հայրենիքից հեռու ապրող հայերին՝ իրենց գործունեության հետագա խթանման գործում:

Արքեպիսկոպոս Տերտերյանն իր խոսքում նշել է. «Այստեղ Ձեր այցը համարեք նաև այց Ձեր տուն: Այս աղոթքի տունը հավասար չափով նաև Ձեր տունն է: Ձեր այցելությամբ Դուք ներկայացնում եք Մայր հայրենիքը և վստահ եմ, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հանդիպում, որտեղ նաև առիթ ու պատիվ եք ունենում ողջունելու մեր ժողովրդի զավակներին, կլցնեք նաև բոլորի հոգիները և էությունը հայրենասիրությամբ և կնորոգեք նաև իրենց ուխտը Հայրենիքի հավատարմության նկատմամբ:

Մեր խոսքը պետք է լինի միայն երախտագիտության խոսք Ձեր այս այցի կապակցությամբ: Մեր խոսքը պետք է լինի նաև աղոթք, որպեսզի Աստված մշտապես օրհնի Ձեզ, ողջ այն անձանց, որոնք մեր հայրենի պետականության համար իրենց կարելին ի գործ են դնում, որպեսզի ամուր, անսասան և անխախտ մնա մեր Հայրենիքը բոլոր տեսակի փորձություններից:

Երբ հավատքն է մեզ ուղղորդողն ու առաջնորդողը, և ճշմարիտ հայրենասիրությունն է մեզ նաև մղողը դեպի կյանք, այն ժամանակ մենք պետք է հաղթենք բոլոր տեսակի դժվարությունները: Դա մեր կյանքի նշանաբանն, առաքելությունը և նպատակն է, և պետք է շարունակի լինել՝ որպես Հայ եկեղեցու սպասավոր:

Ձեր միջոցով մեր աղոթքն ենք հղում պետական ողջ անձնակազմին, հայրենի մեր իշխանությանը, որ մնան ամուր, հաստատ իրենց ծառայության մեջ, և մեր աղոթքը մեր ժողովրդի համար:

Անցնող տարիները դյուրին տարիներ չեն եղել, եղել են փորձություններով լեցուն, բայց Քրիստոսի խոսքը, նաև Ավետարանի պատգամը պարզ և հստակ ասում է մեզ հետևյալը՝ փորձության միջով ավելի ենք ամրանում, փորձություններն ու դժվարությունները եղել են միշտ, այսօր էլ կան, վաղն էլ լինելու են, բայց պատճառ չեն, որ մենք տկարանանք, այլ հակառակը՝ փորձությունները պետք է դառնան փորձառություն, նաև մեզ պետք է ամրապնդեն առավել միավորվելու, դառնալու մեկ հոգի, մեկ սիրտ, մեկ մարմին՝ հատկապես, երբ Հայրենիքի համար է մեր կյանքը, մեր ծառայությունը, մեր գոյությունը և գիտակցական կյանքը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և «ճշմարիտ խոսքերի համար»՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Ձեր խոսքերը շատ կարևոր են բոլորիս, ինչպես նաև այս դժվարին ժամանակներում մեր պետության համար: Կիսում եմ Ձեր տեսակետը, որ, իսկապես, փորձությունների միջով անցնելով ենք մենք ճիշտ ուղին գտնում: Ցավոք սրտի, այդ փորձությունները կուտակվեցին հատկապես 2020 թվականից հետո, և մեծ դժվարություններ են առաջացրել, բայց մենք աստիճանաբար հաղթահարելու ենք դրանք:

Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն և չեն էլ կարող ունենալ ոչ այսօրվա իշխանությունը, ոչ վաղվա, ոչ մյուս օրվա: Սա բոլորը գիտակցում են, որովհետև մեր պատմությունն է դա, և այդ պատմության մեջ Հայ առաքելական եկեղեցին միշտ իր տեղն ու դերն ունեցել է՝ անկախ ամեն ինչից: Հիմա մենք ունենք պետականություն և ապավինում ենք Եկեղեցուն, որպեսզի այդ պետականությունն ավելի ամուր լինի, որովհետև այդ պետականության մեջ հոգի է պետք: Մեր խնդրանքն է ձեզ՝ մեզ միշտ ճիշտ ճանապարհով տարեք: Վստահ եղեք, որ այսօրվա իշխանության ընտրած ճանապարհը, իրոք, տանում է խաղաղության:

Մեր խնդիրը շատ հստակ է, մենք հարևանների հետ, անկախ մեր պատմական տարբեր ժամանակաշրջանում ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել: Մենք չենք կարող Հայաստանը վերցնել տանել ուրիշ տեղ, և իրենց էլ չենք կարող պարտադրել տեղափոխվել: Պատմականորեն ձևավորված միջավայր է, որի հետ կապված մենք հազարավոր տարիներ խնդիրներ ենք ունեցել, պատերազմներ ենք ունեցել, բայց, ի վերջո, կանք և կշարունակենք լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր