Մարտի 12-ին 63 տարեկանում արգանդի քաղցկեցից մահացավ Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Մարիա Եղյանը։ Մահից 3 ամիս առաջ վիրահատող բժիշկ Արտեմ Ստեփանյանը, մի կողմ դնելով մինչ այդ իրականացված բոլոր անալիզների պատասխանները, վիրահատել է, Եղյանի որդուն աչքալուսանք է տվել, թե անզեն աչքով էլ իր համար պարզ էր՝ ուռուցքը 100 տոկոս բարորակ էր։
Մահացած կնոջ որդին՝ Եղիշե Եղյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պնդում է՝ մայրը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ արգանդի քաղցկեղի վիրահատության ընթացքում սխալ բուժօգնություն տրամադրելու հետեւանքով: Նա ահազանգում է Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Արտեմ Ստեփանյանի եւ նույն բաժանմունքում նրա ձևավորած բժշկական անձնակազմի՝ Արեգ Ալավերդյանի, Վահե Մարգարյանի եւ մյուսների «անօրինական, ոչ մարդկային, խարդախ եւ ապօրինի գործունեության մասին»:
Զրուցակցիս խոսքով՝ Ստեփանյանը ստուգումներ է նշանակում ու չսպասելով դրանց վերջնական պատասխանին, չիմանալով ուռուցքի վտանգավորության աստիճանը՝ վիրահատում է։ 3-4 ժամ տեւած վիրահատությունից հետո բժիշկ Ստեփանյանը մահացած տիկնոջ որդուն եւ հարազատներին հրավիրում է իր սենյակ, շնորհավորում՝ ասելով, որ, ելնելով իր աշխատանքային 25-ամյա փորձից, հայտնաբերված ուռուցքը հարյուր տոկոսով բարորակ է: Ավելի ուշ պարզվում է, որ վիրահատության ընթացքում Ստեփանյանը ենթադրաբար անփութորեն վնասում է Մարիա Եղյանի ձախ միզածորանը։
«Վիրահատությունից հետո նույն աշխատակազմի բժիշկ Արեգ Ալավերդյանը Արտեմ Ստեփանյանի անունից պահանջեց վճարել դրամարկղում մոտ 540.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 300.000 ՀՀ դրամ՝ առձեռն: Մտածելով, որ դրանք բոլորը սահմանված վճարումներ են՝ ես համաձայնվեցի ու նշված ձևով վճարեցի ընդհանուր մոտ 840.000 ՀՀ դրամ»,-ասում է զրուցակիցս՝ պնդելով, որ այդ 300 հազար դրամ գումարը բժիշկները դրել են իրենց գրպանը։
Տիկին Եղյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է, սուր ցավեր է ունենում վնասված միզածորանի հատվածում, սկսվում է թարախային արտահոսք: Լրացուցիչ հետազոտությունից հետո պազվում է, որ նշված ուռուցքը «Սարկոմա» տեսակի չարորակ էնդոմետրիումի քաղցկեղ է եղել, իսկ Արտեմ Ստեփանյանը, ըստ Եղիշե Եղյանի, այն վիրահատելով որպես բարորակ ուռուցք եւ վնասելով այլ օրգան, նպաստել է օրգանիզմում մետաստազի առաջացմանը, որն էլ հանգեցրել է Մարիա Եղյանի մահվանը։
«Իմ այն հարցերին, թե ինչի համար էիք ինձ նախապես վստահեցնում, որ ուռուցքը բարորակ է՝ Ա. Ստեփանյանը և նրա բուժանձնակազմը չկարողացան պատասխանել: Հետագայում վերլուծելով կատարվածը՝ վստահ եմ, որ նշված առձեռն վճարված 300.000 ՀՀ դրամը օրինական վճար չէր, ու ինձ խաբել են, քանի որ նախ դա վերցրել են առձեռն ու կտրոն չեն տրամադրել, իսկ ես, ուրախանալով բժշկի շնորհավորանքներից, այդ պահին ուշադրություն չեմ դարձրել այդ հանգամանքին: Բացի այդ, բժիշկ Արտեմ Ստեփանյանը մեզ խաբեց՝ ասելով, որ ուռուցքը բարորակ է, որպեսզի կարողանա տիրանալ այդ հավելյալ 300.000 ՀՀ դրամին, քանի որ, ինչպես հետո պարզվեց, պետությունը փոխհատուցում է չարորակ ուռուցքների վիրահատությունների գումարները, իսկ բարորակներինը չի փոխհատուցում, և այդպիսի վիրահատությունների համար վճարում են հիվանդի հարազատները»,-ասաց Եղյանը՝ հավելելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաղորդման մեջ նշել է, որ նույն եղանակով խաբել են նաեւ այլ հիվանդների հարազատներին, որոնք եւս պատրաստվում են ցուցմունք տալ։
Եղյանը մի դիմում էլ Անահիտ Ավանեսյանի անունով ուղարկել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրանքով, որ էթիկայի հանձնաժողովում մանրամասն քննության առնեն Ա. Ստեփանյանի և նրան օժանդակող բժշկական անձնակազմի կողմից ենթադրաբար անօրինի գումարներ պահանջելու և ստանալու հանգամանքը։
Ավելին` հղումով։